Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Քրեական դիմադրությունը պետք է լուրջ հակազդեցություն ունենա, իսկ հակազդեցությունը պետք է լինի բացառապես օրենքի շրջանակներում

Քրեական դիմադրությունը պետք է լուրջ հակազդեցություն ունենա, իսկ հակազդեցությունը պետք է լինի բացառապես օրենքի շրջանակներում

By
Քրեական դիմադրությունը պետք է լուրջ հակազդեցություն ունենա, իսկ հակազդեցությունը պետք է լինի բացառապես օրենքի շրջանակներում

Երեկ երեկոյան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ առանձին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ «Ներկայում իրավիճակը գտնվում է նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։

Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ»,- գրել է նախարարը։

Ըստ մամուլի՝ անհնազանդության գործողությունները կապված են օրերս կառավարության կողմից ընդունված օրինագծի հետ, ըստ որի՝ նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանակարգության մեջ բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։

Անհնազանդության գործողությունները սկսել են դատապարտյալները՝ հաջակցություն «զոն նայողների»։ Նրանք սկսել են գոռգոռալ, դռներին հարվածել, պահանջել չեղարկել այդ օրինագիծը։ Դատապարտյալների անհնազանդության գործողությունները զսպվել են միայն ՔԿ օպերատիվ ծառայության աշխատակիցների միջամտությունից հետո։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ սպասելի էր, որ օրինագիծը նման հակազդեցություն կառաջացնի ՔԿՀ-ներում առկա քրեական ենթամշակույթի մոտ:

«ՔԿՀ-ներում քրեական, հիերարխիկ հարաբերությունների մասին բազմիցս ենք անդրադարձել դիտորդական խմբի զեկույցներում, մեր հարցազրույցներում։ Ասել ենք, որ ՔԿՀ-ներում այդ հարաբերությունների հետևանքով խախտվում են մարդու իրավունքները։ Փաստել ենք, որ կա սերտ համագործակցություն ՔԿՀ-ներում գտնվող քրեական հեղինակությունների և վարչակազմի միջև։ Մշտապես համարել ենք, որ ոչ համարժեք են այդ երևույթների դեմ պայքարը, քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու ջանքերը։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքից զատ՝ բավարար հիմքեր, գործիքակազմ կային ՔԿՀ-ներում նման երևույթները բացառելու համար, բայց դա չէր արվում։ Երկար տարիներ այդ իրավիճակի մասին շատ լավ գիտեին նախկին իշխանությունները և այդ հնարավորությունն օգտագործում էին քաղաքական նպատակների համար, այդ պատճառով էլ հնարավոր չէր լինում նման երևույթները բացառել»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ հիմա նույն անձնակազմի, նույն մարդկանց առկայության պարագայում պարզ էր, որ որոշ դժվարություններ պետք է լինեն երևույթի դեմ պայքարի ճանապարհին, բայց հակազդեցությունը պետք է համաչափ լինի:

«Ակնկալելի էր, որ պետք է լինի դիմադրություն, բայց քրեական դիմադրությունը պետք է լուրջ հակազդեցություն ունենա։

Պարզապես քրեական ենթամշակույթի դեմ հակազդման բոլոր գործողությունները պետք է լինեն օրենքով, օրինական, համաչափ, որպեսզի հակազդման գործողությունների լեգիտիմությունը հանրության մոտ ընկալվի։ Հակառակ պարագայում այդ գործողությունները և գործողությունները իրագործողները խիստ խոցելի կլինեն, որը լուրջ առիթ կտա քրեական աշխարհի ներկայացուցիչներին ձեռք բերելու հակափաստարկներ, որ իրենց դեմ օրենքի խախտումներով գործողություններ են իրականացվում։ Ցանկացած գործողություն պետք է իրականացվի բացառապես օրենքի շրջանակներում։ Դա շատ կարևոր է, քանի որ ոչ օրինական մոտեցումներով օրինականություն հնարավոր չէ սահմանել»,- ընդգծեց իրավապաշտպանը։

«Առաջին լրատվական»-ը ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբից տեղեկացավ, որ ՔԿՀ-ներում տեղի ունեցած անհնազանդության գործողություններով պայմանավորված՝ անցկացվում են քննարկումներ, այցելություններ, ուսումնասիրություններ և փաստահավաք առաքելության իրականացում քրեակատարողական հիմնարկներում։

Հեղինակ՝ Սոնա Հարությունյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0