Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Վարկաբեկիչ նյութեր ՀՀ իշխանությունների հասցեին. Մոսկվան Sputnik-ի միջոցով հերթական գրոհն է իրականացնում

Վարկաբեկիչ նյութեր ՀՀ իշխանությունների հասցեին. Մոսկվան Sputnik-ի միջոցով հերթական գրոհն է իրականացնում

By
Վարկաբեկիչ նյութեր ՀՀ իշխանությունների հասցեին. Մոսկվան Sputnik-ի միջոցով հերթական գրոհն է իրականացնում

Ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնն իր հրապարակած հետաքննությունում պնդում է՝ Կրեմլի խոսափողը համարվող Sputnik-ի հայկական ծառայությունը Ֆեյսբուքյան էջերի միջոցով փորձում է թիրախավորել հայկական Սփյուռքը:

Կազմակերպության Digital Forensic Research Lab-ի փորձագետները փաստում են, որ Sputnik Armenia-ի աշխատակիցների հետ առնչություն ունեցող այդ էջերը հիմնականում բաղադրատոմսերի, գեղեցիկ կանանց, հայկական մշակույթի, հայկական ինքնության մասին են: Ֆեյսբուքյան այդ խմբերում տեղադրվում են նաև Sputnik Armenia-ի հոդվածները:

Ամերիկյան վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ հետխորհրդային երկրներից Հայաստանը ամենամեծ Սփյուռքն ունեցող երկիրն է. դրսում ապրող հայերի թիվը հասնում է 11 միլիոնի, այն դեպքում, երբ Հայաստանի բնակչությունը ընդամենը երեք միլիոն է: Հայկական Սփյուռքը, ինչպես նշում է Atlantic Council-ը, քաղաքականապես ակտիվ է և վճռական դերակատարում ունի երկրի տնտեսության, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման գործում:

Փորձագետների համոզմամբ՝ Կրեմլն այդ կերպ փորձում է սփյուռքահայերից կազմված լոյալ լսարան ստեղծել, որի միջոցով կկարողանա ազդեցություն գործել հայաստանյան հանրության, ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակված զեկույցին, նշեց՝ հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում. «Ռուսաստանյան քարոզչությունը սկսել է իրականացվել 2014 թվականից, ձևավորվել է «Russia today» հոլդինգը, դրա մասն է նաև Sputnik-ը. հստակ նպատակ են դրել ազդել ոչ միայն ռուսաստանյան, այլև արտասահմանյան հասարակությունների վրա։ Որպես թիրախ ընտրվում են տարբեր խմբեր՝ ձախ կամ աջ ռադիկալներ, ազգայնական խմբեր, ինչպես նաև առանձին հետխորհրդային երկրների համայնքներ, որոնք ինչ-որ ձևով կապված են իրենց պատմական հայրենիքի հետ և կարող են ազդեցություն ունենալ և՛ այն երկրի քաղաքականության վրա, որտեղ իրենք բնակվում են, և՛ իրենց պատմական հայրենիքի»։

Ըստ Նավասարդյանի՝ պարզ է, որ նման քաղաքականության մշակման համատեքստում հայկական Սփյուռքը չէր կարող թիրախ չդառնալ. «Այդ առումով հրապարակված հետազոտությունը բավականին հետաքրքիր է, քանի որ իրենք փորձում են հասկանալ՝ ինչպիսի կարծրատիպեր ու նարատիվներ են կիրառվում հայկական Սփյուռքի ներկայացուցիչների դեպքում։ Ես կարող եմ ասել, որ դա բավականին ազդեցիկ է, որովհետև անկախ հատուկ այդ կատեգորիայի ազդեցությունից, այն հայերը, որոնք տիրապետում են ռուսերեն լեզվին կամ շարունակում են հետաքրքրվել, թե ինչ է կատարվում հետխորհրդային տարածքում՝ բավականին շատ են դիտում ռուսական հեռուստաալիքները, իսկ նրանք, ովքեր անգլիախոս են՝ բավականին ակտիվ դիտում են նաև Russia Today-ը։ Sputnik-ն այդ առումով ավելի թիրախավորված քաղաքականություն է իրականացնում ոչ միայն հետխորհրդային տարածքը ներկայացնող տարբեր Սփյուռքի համայնքների վրա, այլ կոնկրետ հայկականի»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ քանի որ Հայաստանում իրենք ունեն բավականին մեծ գործակալություն, գրասենյակ, կարողանում են ծավալուն բովանդակություն տարածել. «Շատ կարևոր է, որ հրապարկված հետազոտության մեջ գտնված է իրենց ընտրած մարտավարությունը։ Սկզբում չեզոք նյութեր Հայաստանի պատմությունից, հայերի ինքնությունից, որոնք վստահություն են առաջացնում, որ կայքը հետաքրքրված է Հայաստանի պատմությունով ու մշակույթով, և դրանից հետո սկսում են քարոզչական նարատիվներ հաղորդել։ Կոնկրետ այսօր այդ նարատիվները վերաբերում են հայ-ռուսական հարաբերություններին, դրանց այլընտրանք չունենալուն։ Իսկ վերջին ամիսներին, կարելի է նկատել, որ բավականին շատ են վարկաբեկիչ նյութերը նոր իշխանությունների հասցեին և նրանց «դավաճանությանը» Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված»։

Արդյոք սրանով ևս մեկ անգամ Մոսկվան ցո՞ւյց է տալիս իր վերաբերմունքը ՀՀ նոր իշխանությունների հանդեպ հարցին ի պատասխան, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն կարող ընկալվել որպես Ռուսաստանի համար լավագույն գործընկերներ՝ եղած քաղաքական ներկապնակում։ Ֆորմալ առումով պահպանելով այդ դաշնակցային հարաբերություններն ու մտերմությունը, նրանք ամեն կերպ փորձելու են քարոզչական մեխանիզմներն օգտագործեն, որպեսզի ներկա իշխանություններին թուլացնեն կամ թուլացնելով ստիպեն, որ աշխատեն այնպես, ինչպես նախկին իշխանությունները։Կառավարման այդ մոդելը շատ ավելի մոտ է ռուսականին կամ եվրասիականին։ Կամ էլ փորձ կարվի բերել այն իրավիճակին, երբ կարող է ի հայտ գալ ավելի ընդունելի քաղաքական այլընտրանք իշխանությունը վերցնելու համար։ Դա, բնականաբար, սուր հեղափոխական կամ դավադրությունների մեթոդով չի լինելու, ամենայն հավանականությամբ՝ կլինի մեղմ քաղաքական ու քարոզչական ռեսուրսների օգտագործման ճանապարհով»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0