Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Պուտինի, Ալիեւի եւ Ռոհանիի չեղարկված հանդիպումը եւ Փաշինյանի առաջարկը

Պուտինի, Ալիեւի եւ Ռոհանիի չեղարկված հանդիպումը եւ Փաշինյանի առաջարկը

By
Պուտինի, Ալիեւի եւ Ռոհանիի չեղարկված հանդիպումը եւ Փաշինյանի առաջարկը

Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է օգոստոսի 14-ին հանդիպեին Սոչիում, համատեղ ծրագրերը քննարկելու համար: Սակայն երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանդիպումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով:

Նույն օրը տեղեկություն է տարածվել, որ Իրանը դեմ է Կասպից ծովում գազամուղի շինարարությանը, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել էկոլոգիային: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին:

Ավելի վաղ Ռուսաստանն էլ է դեմ հանդես եկել Կասպից ծովի հատակով գազամուղի անցկացմանը: ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, որ Կասպից ծովում էկոհամակարգի պաշտպանության շահերը միանշանակ գերակա են ցանկացած տեսական տնտեսական նախագծերի նկատմամբ:

Այս հայտարարություններից հետո Ալիեւը Սոչի գնալու կարիք չունի, որտեղ ստիպված էր լինելու խոստովանել խողովակաշարերի անիմաստ լինել, որոնցում արդեն միլիարդավոր դոլարներ է ներդրել: Եթե Թուրքմենստանից Կասպից ծովով խողովակաշար չանցկացվի, Ադրբեջանը չի կարողանա լցնել Թուրքիայի տարածքով կառուցված խողովակաշարը:

Թուրքիայի տարածքով Եվրոպա գնացող ադրբեջանական խողովակը, որը չցանկանալով խրախուսում է Արեւմուտքը, ակնհայտորեն հակասում է Իրանի ու Ռուսաստանի շահերին: Այն առանձնապես չի բխում նաեւ այլ երկրների շահերից, եւ չի բացառվում, որ այդ նախագծերին աջակցում են միայն ադրբեջանական ներդրումները «փոշիացնելու» համար, ինչպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու դեպքում, որը մինչեւ հիմա չի սկսել աշխատել:

Պուտինի, Ռոհանիի եւ Ալիեւի չեղարկված հանդիպումը հատկանշական է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի լույսի ներքո: Հիշեցնենք, որ նա Իրանի նախագահին հրավիրել է Երեւան, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին:

Հատկանշական է նաեւ, որ Թուրքիան Նախիջեւան թռիչքների համար հրաժարվել է Հայասստանի և Իրանի օդային տարածքներն օգտագործելուց: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի շահագործման ծառայության ղեկավար Հուսեյն Քեսքինը, հայտնում է ermenihaber.am-ը:

Նրա խոսքով, օգոստոսի 15-ից թռիչքներն իրականացվելու են նեղ միջանցքով, որը Թուրքիան կապում է Ադրբեջանին: Այդ միջանցքի լայնությունը 13 կմ է:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

 

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0