Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Չեզոքացնել Հայաստանի թիկունքից Բաքվին զինելու ռիսկը

Չեզոքացնել Հայաստանի թիկունքից Բաքվին զինելու ռիսկը

By
Չեզոքացնել Հայաստանի թիկունքից Բաքվին զինելու ռիսկը

Թուրքիան դիտարկում է ռուսական Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը, գրում է թուրքական մամուլը:

Թուրքիային այդ կործանիչները մատակարարելու պատրաստակամության մասին ավելի վաղ հայտարարել էր ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի բարձրաստիճան պաշտոնյան: Այդ օդանավերի ձեռքբերումը պայմանավորվում է նրանով, որ ԱՄՆ-ն, իբրև պատժամիջոց, դադարեցրել է ամերիկյան Ֆ-35 նորագույն կործանիչների մատակարարումն Անկարային: Վաշինգտոնի այդ որոշումն էլ պայմանավորված էր այն բանով, որ Անկարան, չնայած բազմաթիվ զգուշացումներին, չհրաժարվեց ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգի ձեռքբերումից: Որքանո՞վ միս ու արյուն կարող է ստանալ ռուս-թուրքական նոր՝ օդանավային գործարքը, դեռևս պարզ չէ, սակայն այդ գործարքը Հայաստանի համար, թերևս, տալիս է առավել մտահոգության տեղիք, քան ՀՕՊ համակարգի գործարքն էր:

Եթե ՀՕՊ համակարգը, այսպես ասած, պաշտպանական նշանակության սպառազինություն էր, ապա Սու-35 օդանավերը ռուսական նորագույն կործանիչներ են՝ հարձակողական, բազմաֆունկցիոնալ: Իսկ հարցն այն է, որ Հայաստանն իր նոր պաշտպանական ռազմավարության մեջ հայտարարել է հարձակողականության անցում, որի առանցքում է նաև օդային գերակայության խնդիրը: Այդ խնդիրը լուծելու համար Երևանը Մոսկվայից ձեռք է բերում Սու-30 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնց առաջին խմբաքանակը սպասվում է արդեն 2020 թվականի հունվարին: Հայ-ռուսական հնարավոր գործարքի վերաբերյալ ռուսական փորձագիտական որոշ հրապարակումներում դեռևս նախնական փուլում եղան կարծիքներ, որ Մոսկվան Երևանին այդ օդանավերը վաճառում է, հետո Բաքվին Սու-35 վաճառելու համար: Ընդ որում, Բաքվին էլ մատակարարելու պատրաստակամության մասին խոսել են ռուսական ռազմաարդյունաբերողները: Իհարկե, մի բան է նրանց, այսպես ասած, մասնագիտական պատրաստակամությունը, մեկ այլ բան է խնդրի քաղաքական որոշման ասպեկտը:

Ռազմաարդյունաբերողները կարող են պատրաստ լինել, բայց անել, թե ոչ, դա որոշելու է քաղաքական ղեկավարությունը: ՌԴ քաղաքական ղեկավարությունն Ապրիլյան պատերազմից ու Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո որոշակի հանգամանքներով կաշկանդված է Բաքվին այդօրինակ ռազմավարական նշանակության սպառազինություն վաճառելու հարցում: Երևանը թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր կամ հավանական որևէ պատերազմի քաղաքական պատասխանատվությունը դրել է ՌԴ վրա: Այստեղ խնդիրներն իսկապես լուրջ են: Բայց միաժամանակ լրջանում է նաև մտահոգության առիթը, որ կաշկանդված լինելով Երևանի առաջ որոշակի իրողություններից, Ռուսաստանը Բաքվին կարող է սպառազինել այսպես ասած՝ Թուրքիայի միջոցով: Սա է, որ պետք է Երևանի համար դառնա քաղաքական լուրջ ուշադրության առարկա, որպեսզի կանխարգելիչ քայլեր արվեն հնարավոր որևէ գործարքի դեպքում Բաքվի անուղղակի շահերը և, առավել ևս, մատակարարումները բացառելու համար: Ընդ որում, անգամ եթե Ռուսաստանն ինքը ամենևին չի դիտարկում թուրքական տարբերակը որպես Բաքվի հետ միջնորդավորված ռազմա-տեխնիկական առևտրի տարբերակ, միևնույն է, պետք է այդ դեպքում ձեռնարկի կանխարգելիչ քայլեր, այսպես ասած, ակամա այդպիսի առևտրի մեջ չհայտնվելու համար, Անկարայից ձեռք երելով երաշխիքներ, որ սպառազինությունը չի տրամադրվի երրորդ երկրի: Այդ պրակտիկան կա և ռուսական կողմն այն կիրառել է անգամ Երևանի հետ հարաբերությունում, հետևաբար պարտավոր է անել նույնը Թուրքիայի հետ ռազմական առևտրում, եթե, իհարկե, այն հասնի Սու 35-երի վաճառքի:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0