Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Թրամփի տրենդը Արցախի ճանապարհին. նոր իրավիճակը խուճապի է մատնել

Թրամփի տրենդը Արցախի ճանապարհին. նոր իրավիճակը խուճապի է մատնել

By
Թրամփի տրենդը Արցախի ճանապարհին. նոր իրավիճակը խուճապի է մատնել

Ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը հայկական մամուլին տված հարցազրույցում ասում է, որ Ստեփանակերտում օգոստոսի 6-ին Նիկոլ Փաշինյանի Միացում վանկարկումը «կոպտագույն սադրանք» էր:

Ստանիսլավ Տարասովը մի քանի ամիս առաջ Արցախում էր, որտեղ մեկ այլ ռուսաստանցի փորձագետ Կոլերովի հետ ելույթ էր ունեցել նաեւ մի մասնավոր բուհի ուսանողների առաջ եւ խոսել արցախահայության առանձնահատկության եւ հայության մյուս մասերից տարբերվելու մասին, առաջ քաշելով գաղափարը, թե Արցախն ըստ այդմ պետք է լինի ռեգիոնալ առանձին սուբյեկտ՝ «ռուսական մանդատի» ներքո:

Տրամաբանական է, որ նրա համար «Միացում» վանկարկումը լինելու է «կոպտագույն սադրանք», ինչպես որ Բաքվի համար «բանակցությանը հակասող» է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Հայկական պետականության եւ արցախյան հաղթանակի պաշտպանության որեւէ դրսեւորում սադրանք եւ հակասություն է ռուս-ադրբեջանական այն շրջանակի եւ տրամաբանության տեսանկյունից, որով փորձ էր արվում մի քանի տարի շարունակ ոչնչացնել հայկական սուբյեկտությունն ու հասնել հաղթանակի արդյունքի՝ ստատուս-քվոյի վերանայման:

Իհարկե այստեղ արդեն ռուսական եւ ադրբեջանական պատկերացումները տարբերվում են: Ադրբեջանցիներին պետք է ստանալ տարածքները, իսկ ռուսական կողմին՝ ստանալ այդ տարածքներում անմիջական ներկայության, վերահսկողության հնարավորություն:

Բայց, դա այսպես ասած մյուս փուլն է, իսկ առայժմ առաջին փուլի հարցն է արդիական՝ հասնել նրան, որ հայկական կողմը չկարողանա փոխել գործընթացի տրամաբանությունն ու ձեւավորել նախորդ քառորդդարյա մոտեցումից տրամագծորեն տարբերվող պետական քաղաքականություն եւ համազգային ռազմավարություն, փաստացի անշրջելիորեն փակելով ստատուս-քվոյի փոփոխության ճանապարհը:

Դրանից հետո կարող է եւ գալ «իրողությունների ճանաչման» ժամանակը, հատկապես, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Իսրայելի հարցում ձեւավորել է տրենդը: Առավել եւս, որ Ռուսաստանում էլ կարող է ձեւավորվել դրան համարժեք քաղաքական մոտեցումը, ինչի լուրջ կասկածները ունեն Ադրբեջանի հետ մի քանի տարի ռազմա-քաղաքական եւ ռազմա-տեխնիկական բիզնեսի մեջ գտնվող շրջանակները: Իշխանության եւ ընդհանրապես փլուզվող կայսրության խնդիրը ահռելի ճնշում է Պուտինի վրա:

Նա միայնակ ի վիճակի չէ լուծել այդ հարցերը, այն էլ աշխարհաքաղաքական կարեւոր գոտիների ընդգրկմամբ: Առավել եւս այն գոտիների, որտեղ Ռուսաստանը ավանդական գերակա է: Այդ իմաստով բացառիկ է մնացել Կովկասը, բայց այստեղ ավելի ու ավելի ակնառու է, որ Ռուսաստանն իր դերը կարող է պահել միայն Արեւմուտքի օգնությամբ: Որեւէ այլ սուբյեկտ ոչ թե օգնելու, այլ խժռելու է Ռուսաստանին:

Բայց, մինչ այդ ռուսական տնտեսա-քաղաքական մի շարք շրջանակներ կհասցնեն Հայաստանի եւ Արցախի շահերի ու անվտանգության հաշվին իրենց օգտին գրանցել եւս մի քանի հարյուր միլիոն կամ մի քանի միլիարդ: Հայաստանի վարչապետի ելույթը «կոպտագույն սադրանք» է այդ ակնկալիքների դեմ, որովհետեւ հայտարարություն էր այն մասին, որ Հայաստանն այլեւս ոչ միայն չի հանդուրժելու այդ «բիզնեսը», այլ ձեւավորում է նոր միջավայր եւ իրադրություն:

Այդ շրջանակներին տարակույս ու շփոթմունք է պատճառում այն, որ Պուտինն այդ գործընթացին չի դիմադրում «նախկին էնտուզիազմով»:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0