Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Միակ երկիրը, որը Քոչարյանին ճանաչեց քաղբանտարկյալ․ սենսացիոն հայտարարություն Բաքվից

Միակ երկիրը, որը Քոչարյանին ճանաչեց քաղբանտարկյալ․ սենսացիոն հայտարարություն Բաքվից

By
Միակ երկիրը, որը Քոչարյանին ճանաչեց քաղբանտարկյալ․ սենսացիոն հայտարարություն Բաքվից

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի ղարաբաղյան հատվածը բուռն քննարկումների տեղիք է տվել հարևան Ադրբեջանում։ Այդ երկրի ԱԳՆ-ն հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, կայքերը ծավալուն վերլուծականներով անդրադարձել են Փաշինյանի խոսքին։

Նման իրավիճակն ինքնին կանխատեսելի էր, որովհետև Փաշինյանը Արցախի մայրաքաղաքում շրջանառու դարձրեց «Արցախը Հայաստանն է, և վերջ» և «Միացում» կարգախոսները, ինչը սկզբունքորեն հակասության մեջ է մտնում անգամ պաշտոնական Երևանի ղարաբաղյան քաղաքականության հետ, որի նպատակը Ստեփանակերտին բանակցային գործընթաց վերադարձնելն է։ Սակայն Փաշինյանի ասելիքի բովանդակությանն անդրադառնալու առիթ դեռ կունենաք, հիմա ավելի ուշագրավ է ադրբեջանական արձագանքների վերլուծությունը։

Օրինակ՝ Ալիևի վարչակազմին մոտ կանգնած haqqin.az կայքն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանը ԼՂ կարգավորման հարցում ավելի արմատական ու անզիջում դիրքորոշում ունի, քան Ռոբերտ Քոչարյանը։ Դա այսպես էլ կա, ու եթե ադրբեջանական կայքի վերլուծություններն այսքանով սահմանափակվեին, ապա մեր արձագանքը, թերևս, համարժեք չէր լինի։ Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի, թերևս, եզակի բարձրաստիճան պաշտոնյան է, որի անմիջական «ջանքերով» Արցախը դուրս է մղվել բանակցային գործընթացից, բացի դրանից՝ Հայաստանի երկրորդ նախագահը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ քննարկել է, օրինակ, «Ընդհանուր պետության» տարբերակը, որը ենթադրում էր հակամարտության կարգավորում՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ադրբեջանական կայքերն ակնհայտ պաշտպանության տակ են առնում Ռոբերտ Քոչարյանին՝ նրան անվանելով Հայաստանի թիվ մեկ քաղբանտարկյալ, որը ռեպրեսիաների է ենթարկվում երկրի իշխանությունների կողմից։ Նույնիսկ «քիմիան» անզոր է գտնվել, ու Ռուսաստանի պետական և քաղաքական շրջանակները նման աջակցություն Քոչարյանին չեն ցուցաբերել՝ սահմանափակվելով հեղափոխությանն ուղղված հանդիմանանքով ու քննադատություններով։

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները շեփորահարում են, թե իբրև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «հող հանձնող» է ու այդ նպատակով է մեկուսացրել «հերոս» Քոչարյանին։ Հիմա ստացվում է՝ Քոչարյանի կողմնակիցները մեր հասարակությանը մանիպուլացնում են Քոչարյանը, իհարկե, «հերոս» է, սակայն ոչ թե մեր հասարակության, այլ ադրբեջանական կայքերի համար, որոնք երանությամբ հիշում են նրա ժամանակները՝ պատերազմ հայտարարելով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Ամենևին չեմ զարմանա, եթե մի օր Քոչարյանի «քաղաքական հետապնդումների» թեման հայտնվի ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում, իհարկե՝ ադրբեջանական պատվիրակության նախաձեռնությամբ, ու մենք Ստրասբուրգի բարձր ամբիոնից լսենք ադրբեջանցի պատվիրակների սրտակեղեքիչ ելույթներ՝ ի պաշտպանություն հալածանքների ենթարկվող Քոչարյանի։

Ճակատագրի բերումով՝ ժամանակին «ազգային» ՀՅԴ-ն «ապազգային» էր հռչակել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը, որը ապահովեց հաղթանակն արցախյան պատերազմում, հիմա՝ Մեղրին սակարկության հանած Քոչարյանի կողմնակիցներն ապազգային են համարում Փաշինյանի իշխանությանը, որը հանդես է գալիս Արցախի սուբյեկտության մեծացման դիրքերից։ Մեր հասարակությունը, բարեբախտաբար, մոլորության մեջ չի հայտնվի, որովհետև ադրբեջանական կայքերը բացահայտում են, թե ովքեր են իրենց բարեկամները՝ կարեկցելով ու զորակցելով Քոչարյանին։

Հեղինակ՝ Սարգիս Արծրունի

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0