Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ֆալստարտ. Արցախի նախագահի իրական թեկնածուն

Ֆալստարտ. Արցախի նախագահի իրական թեկնածուն

By
Ֆալստարտ. Արցախի նախագահի իրական թեկնածուն

Ստեփանակերտում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաեւ Արցախում սպասվող նախագահի եւ խորհրդարանի ընտրություններին: Նա ասել է, որ ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։

«Չափազանց կարևոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր», ասել է նա։

Հանրահավաքից առաջ Արցախի Ազատ հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն էր տարածել, որում իր 6000 կուսակիցներին կոչ էր արել մասնակցել հանրահավաքին: Քիչ ավելի ուշ նման կոչով իր կողմնակիցներին էր դիմել Սամվել Բաբայանը: Հետո Արայիկ Հարությունյանը նորից էր հայտարարություն արել ու ասել, որ 10 հազար մարդ է «տանելու» հանրահավաք:

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանն արդեն սկսել են նախագահական ընտրարշավը, ընդ որում՝ վաղուց: Իր թեկնածության մասին է հայտարարել նաեւ Վիտալի Բալասանյանը, ով նույնպես հայտարարություն էր տարածել հանրահավաքի նախօրեին, որը ոչ թե մասնակցության կոչ էր, այլ զգուշացում Սամվել Բաբայանին:

Կարելի է ասել, որ Արցախում նախագահական ընտրարշավը «մեկնարկեց» Բալասանյան-Սամվել Բաբայան կոշտ դիմակայությամբ, Բալասանյանը Բաբայանին մեղադրեց նույնիսկ սպանությունների մեջ: Ըստ ամենայնի, համարելով, որ դա է լինելու ընտրարշավի հաջողության երաշխիքը, Վիտալի Բալասանյանից «էստաֆետը» վերցրեց Արայիկ Հարությունյանը, եւ տեւական ժամանակ նրա եւ Բաբայանի միջեւ տեղի է ունենում կոշտ վեճ, ընդհուպ կողմնակիցների բախումներով:

Հանրահավաքի ժամանակ էլ նրանց «մրցակցությունը» շարունակվեց բավական ինքնատիպ ձեւով՝ Բաբայանի կողմնակիցները վանկարկում էին Բաբայանի անունը, նույնն անում էին Արայիկ Հարությունյանի կողմնակիցները:

Սամվել Բաբայանը կոշտ դիմակայության մեջ է նաեւ Բակո Սահակյանի հետ, եւ այս համատեքստում են Բակո Սահակյանի վերջին նշանակումները, մասնավորապես՝ Լեւոն Մնացականյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում:

Միեւնույն ժամանակ, ըստ Ստեփանակերտում տարածված խոսակցությունների, Բակո Սահակյանն ու նրա շրջապատը դիտարկում են Արայիկ Հարությունյանի թեկնածության հնարավորությունը: Ինքը Հարությունյանն անթաքույց փորձում է ստանալ պաշտոնական Երեւանի աջակցությունը:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք Սամվել Բաբայանը կարող է գրանցվել որպես նախագահի թեկնածու: Արցախի իշխանությունը բավական կոշտ է արտահայտվել ստորագրահավաքի միջոցով Սահմանադրության փոփոխության հնարավորության մասին: Բաբայանը սպառնում է հանրահավաքներով ու ըստ էության անկայունությամբ, որը բավական անհանգստացնում է Արցախի «պոլիտբյուրոյին»: Ըստ էության, Վիտալի Բալասանյանի ու Արայիկ Հարությունյանի դեպքում «պոլիտբյուրոն» փորձում էր հասկանալ, թե ով ավելի արդյունավետ կդիմակայի Բաբայանին:

Սամվել Բաբայանի պարագայում խոսակցություններ կան, որ նա կարող է կապված լինել Քոչարյանի ու ռուսական ինչ որ շրջանակների հետ, որոնք իրենց պլաններն ունեն Արցախում, այն դիտարկելով որպես Հայաստանի իշխանության դեմ պլացդարմ: Ինքը Բաբայանը ոչ վաղ անցյալում խոսում էր Արցախը ռուսական մանդատի տակ դնելու նպատակահարմարության մասին:

Ըստ էության, այս մեխանիզմը կարող էր գործել նաեւ համակարգի մյուս թեկնածուների պարագայում, տարբեր սխեմաներով, որի բավականաչափ նշաններ կան:

Հանրահավաքում իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ակնարկեց Արցախում արտաքին միջամտության գործոնի մասին, հայտարարելով, որ նման դրսեւորումները պետք է բացառվեն:

Միով բանիվ, ակնհայտ է, որ այս երեք թեկնածուներն ըստ էության մնացել են նախկին համակարգի տարբեր խմբերի ձգտումների տրամաբանության մեջ:

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում փաստացի հայտարարեց արտահերթ զարգացումների բացառման եւ ազատ ընտրությունների անհրաժեշտության մասին: Այսինքն՝ Արցախում համակարգային փոփոխության ու քաղաքական համակարգի արդիականացման անհրաժեշտության մասին:

Կլինի՞ այլ թեկնածու, որն իրական այլընտրանք կլինի այս համակարգին:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0