Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | «Արաքս» դպրոցի վերջին նորությունը

«Արաքս» դպրոցի վերջին նորությունը

By
«Արաքս» դպրոցի վերջին նորությունը

Կրթական խորհուրդը դրական ոչ մի բան չասող հաղորդագրություն է հրապարակել

Այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան, Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհուրդը, երկար լռությունից հետո, հայոց ազգային «Արաքս» օրիորդաց դպրոցի առնչությամբ հանդես է եկել հաղորդագրությամբ, որը դրական ոչ մի բան չի հաղորդում:

Կրթական խորհուրդը գրում է.

«Թեմական խորհուրդը սոյն թւականի յունիսի 12-ին հանդիպելով «Արաքս» դպրոցի աշակերտների մի խումբ ծնողների հետ, ընդառաջելով նրանց պահանջին հանդիպման հրաւիրեց տկն. Մանուկեանին: Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդից՝ ատենապետը, Թ.Խ.-ի Կրթական խորհրդի կապը, Կրթական խորհրդի ատենապետը:

Հանդիպման արդիւնքում, տկն. Մանուկեանի որոշումը մնացել է անփոփոխ»:

Այնտեղ ոչ մի խոսք չկա այն մասին թե՝ ինչու՞ միանգամայն հրաժարական տվեց դպրոցի համար ջանասիրաբար աշխատող տեսչուհի՝ տկն. Անի Մանուկյանը, ում տնօրինման տարիներին բավական հաջողություններ էր արձանագրել դպրոցը:

Սույն հաղորդագրությունը պարզապես տեղեկացնում է, որ երկու ամիս առաջ անարդյունք մի հանդիպում է կայացել տկն. Մանուկյանի հետ ու դրանից հետո ԻԻՀ Կրթադաստիարակչության նախարարության Թեհրանի 6-րդ շրջանի կենտրոնը դպրոց է գործուղել տկն. Թաջիկին, որպես տեսչուհու պաշտոնակատար:

Ինչևէ, մեզ հասած տեղեկությունները հավաստիացնում են, որ, հակառակ Կրթական խորհրդի պնդումներին, հարցը դեռ փակված չէ, և տկն. Թաջիկը չի ստանձնել տեսչուհու պաշտոնը, այլ լոկ պաշտոնակատար է:

Իսկ երեկ՝ օգոստոսի 3-ին, Թեհրանի 6-րդ շրջանի կրթադաստիարակչականի տնօրեն պրն. Նազարիանի և գործակիցների այցը Սրբազան հորը որոշ դրական տեղաշարժերի մասին է խոսում:

Համենայնդեպս, մենք հավատացած ենք, որ հայեցի դաստիարակության գործում կարևոր դեր է պահված հայ տեսուչին և լիահույս ենք, որ տկն. Անի Մանուկյանը անսալով «Արաքս» դպրոցի աշակերտության, նրանց ծնողների, Ծնողական խորհուրդի, տնօրինության ու ուսուցչական կազմի պահանջին կվերադառնա իր աշխատանքին և անցյալից էլ ավելի աշխույժ կշարունակի իր ազգային ու կրթական գործունեությունը:

Իսկ Թեմական խորհրդից պահանջվում է անհապաղ և խոհեմ մոտեցում դրսևորել և տուրք չտալ կուսակցական, խմբակային ու անհատական ոչազգանպաստ պահանջներին:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0