Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | «ՀՀ Սփյուռքի նախարարության առաջնահերթությունները, Այո-ն և Ոչ-ը»

«ՀՀ Սփյուռքի նախարարության առաջնահերթությունները, Այո-ն և Ոչ-ը»

By
«ՀՀ Սփյուռքի նախարարության առաջնահերթությունները, Այո-ն և Ոչ-ը»

«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր՝ Մովսես Քեշիշյանի երկրորդ ելույթը Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովում, 31 մայիսի 2018թ.:

 

ՀՀ Սփյուռքի փոխնախարար Հարգելի Պրն. Բաբգեն Տեր-Գրիգորյան,

Սիրելի հյուրեր և գործընկերներ,

 

Տարիներ առաջ, երբ Հայաստանում կոռուպցիան դեռ համակարգի չեր վերածվել, Հայաստանի Հանրապետության օրվա վարչապետի չորս խորհրդականներից ամենաերեցը, և ի դեպ միակը, որ աշխատանքի էր գնում, իմ այն հարցին, որ. «Եթե ՀՀ բյուջե մուտքը չթալանվի, ի՞նչ համեմատությամբ կավելանա պետական եկամուտը», առանց մտորելու պատասխանեց՝ մեկը մեկի վրա։

Կոռուպցիան համակարգի վերածվելուց հետո, Հայաստանում աննախադեպ ծավալներ ստացան վերգետնյա ծայրահեղ սեփականաշնորհումները և ստորերկրյա՝ ընդերքի սեփականաշնորհման անվան տակ և մինչ օրս շարունակվող թալանը, ինչի հետևանքով հարվածվեց և հարվածում է ոչ միայն երկրի ներկան, այլնաև ապագան։ Եվ սա ամենակարևոր ՈՉ-ն է... ԻՆՉ՝ ՉԱՆԵ՛ԼԸ։

Թավշյա հեղափոխության հիմնական նվաճումը, ժողովրդի կողմից երկրի առաջնորդների նկատմամբ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ է։ Տնտեսությունը թվերի կույտ լինելուց առաջ հոգեբանություն է, պետական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը, ինչը իր քաղքական հետադարձ թարգմանությունն է գտնում տնտեսական ասպարեզում։

Տնտեսության մեջ թավշյա հեղափոխության առաջնորդների կողմից հայտարարված և կիրառվող մենաշնորհների վերացումը, փաստորեն մրցակցային տնտեսության այսուհետ գոյությունը, մաքսային կույր կետերի ոչնչացումը, օլիգարխիայի նկատմամբ հարկային առողջ քաղաքականության կիրառումը, ոչ միայն հարստացնելու է ՀՀ պետությանը, այլև երկրի քաղաքացին, գների անկման տեսքով, այդ զգալու է իր առօրյա կյանքում։

Փաստորեն օրենքի իշխանությունը և դատական համակարգի հետզհետե առողջացումը ապահովելու է ներդրումային քաղաքականության հիմքը, ինչը միանգամայն կայունացնելու է տնտեսությունը, և երկրին ապահովելու է տնտեսական աճ։

Ներդրումային և տնտեսկան հավասար պայմանների, հարկային նորարար և գրավիչ քաղաքականության և դատական համակարգի առողջացումով Հայաստան է մուտք գործելու, ոչ միայն Սփյուռքահայերի, այլ դեպի ԱՊՀ երկրների և Իրանի մեծ շուկա ձգտող խոշոր ներդրումները։

Զարգացող տնտեսությունը Հայաստանի Հանրապետությանը շնորհելու է կենսունակություն, որովհետև եթե չկա՛ ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՆ, չկա՛ նաև կրթական համակարգ, առողջապահություն, գիտական և մշակության վերելք և... բնականաբար՝ սպառազինություն, անվնանգություն։ Եվ ահա ներգաղթ կազմակերպելու առարկայական ենթահողը։

ՀՀ Սփյուռքի նախարարությունը իր աշխատանքում հրաշքներ չի կարող ապահովել, եթե պետական համակարգը ճիշտ հունի վրա չէ, եթե՝ Հայրենիքը տառապում է անարդարությունից, եկեղեցին՝ պառակտվածությունից, մշակույթը՝ աղավաղումից, լեզուն՝ ուծացումից և ազգային ինքնագիտակցությունը՝ կանգնած է վերացման վտանգի դիմաց:

Այսօր Սփյուռքի նախարարությունն ունի լուրջ լծակներ, Հայաստանի ներքին հաջողություններին զուգահեռ, Սփյուռքում ևս նվաճումներ ապահովելու համար։ Սփյուռքի խանդավառությունը պետք է, առանց հապաղելու, վերածել ինքնակազմակերպման մեխանիզմի, այլապես խանդավառություններն երկար չեն ապրում։ Եթե Սփյուռքի նախարարությունը թավշյա հեղափոխությունը չտարածի նաև Սփյուռքահայության հետ իր հարաբերություններում և շարունակի հին կառույցների հետ իր հին գործելաոճը,  մսխելու, կորցնելու է Սփյուռքահայության կողմից իր նկատմամբ վստահությունը։

Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր ձևաչափի, կամ այսպես ասած նոր ֆորմատի, ստեղծումը անհետաձգելի անհրաժեշտություն և առաջնահերթություն է։ Սփյուռքի նախարարությունը պարտավոր է դուրս գալ նախկին մեդալաբաշխ թագուհու դերից, և առողջ հիմքերի վրա կապ հաստատել սփյուռքահայության հետ։ Որովհետև Սփյուռքի նախարարության անելիքները, ոչ թե պարզապես տարեկան խորհրդաժողովներ կազմակերպելն է, այլ ամենօրյա աշխատանք, որին անտարակույս զորակցելու է թավշյա հեղափոխությանը սատարած Սփյուռքի ակտիվ խավի մեծամասնությունը։

Այսօր, Սփյուռքի նախարարաությունը ունի այդ հնարավորությունը, որովհետև Նոր Հայաստանի իշխանությունների վարկանիշը կարող է մեծապես ազդեցություն ունենալ Սփյուռքում կատարվող աշխատանքներում։

Ուրեմն՝ «Քայլ արա՛...»:

 
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0