Գլխավոր էջ | Միջազգային | Ինչ պատմական հանգամանքներ հանգեցրին Հայոց ցեղասպանությանը․ լիտվական կայքի անդրադարձը

Ինչ պատմական հանգամանքներ հանգեցրին Հայոց ցեղասպանությանը․ լիտվական կայքի անդրադարձը

By
Ինչ պատմական հանգամանքներ հանգեցրին Հայոց ցեղասպանությանը․ լիտվական կայքի անդրադարձը

Լիտվական 15min լրատվական կայքում հրապարակվել է «Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ պատմական հանգամանքներ հանգեցրին ողբերգությանը 105 տարի առաջ» խորագրով հոդվածը։Ստորև ներկայացվում է հոդվածի հայերեն թարգմանությունը։

«1915 թվականը հայ ժողովրդի պատմության արյունով է նշված: Այդ տարին ազդարարեց Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության սկիզբը, որի արդյունքում սպանվեց մոտ 1,5 միլիոն էթնիկ հայ: Պատմաբաններն այժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչում են որպես բառի արդիական իմաստով առաջին ցեղասպանություն` ժամանակակից աշխարհի պատմության մեջ:

Այնուամենայնիվ, ինչպես պատմության յուրաքանչյուր խոշոր իրադարձություն, Հայոց ցեղասպանությունն ունի իր պատճառներն ու հանգամանքները: Առաջարկում ենք ձեզ ծանոթանալ այն իրադարձություններին և գործընթացներին, որոնք, ի վերջո, հանգեցրին 1915թ. սկսված ահավոր կոտորածներին։

Հայկական համայնքի վիճակն Օսմանյան կայսրությունում

20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում բնակվում էր մոտ 2,5 միլիոն հայ, հիմնականում՝ Արևելյան Անատոլիայի վեց նահանգներում: Հայերը մեծամասնություն չէին կազմում մարզերից որևէ մեկում, և կայսրությունում համայնքի կարգավիճակը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի վերջին շատ նման էր Եվրոպայում հրեաների կարգավիճակին:

Չնայած այն բանին, որ Արևելյան Թուրքիայի ներկայիս տարածքը դարեր շարունակ կիսում էին հայ քրիստոնյաները և քրդերը՝ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կյանքը դժվար էր և, որոշ դեպքերում, նաև՝ անտանելի:

Այս համայնքը հազվադեպ էր արդար վերաբերմունքի արժանանում, քանի որ շատ դեպքերում տեղական դատարանները հակված էին մուսուլմաններին սատարելուն: Հայերի դեմ քոչվոր քրդերի ոճրագործությունները, ինչպիսիք էին հողի կամ այլ ունեցվածքի բռնազավթումը, շատ ավելի բարձր հարկեր պարտադրելը, բռնությունը, առևանգումները, բռնի իսլամացումը և այլն, իշխանությունների կողմից ուշադրության չէին արժանանում:

Օսմանյան կայսրությունում հայերն անընդհատ ճնշվում էին, չնայած իրենց զիմմի կարգավիճակին, որը քրիստոնյաներին պետք է երաշխավորեր որոշակի ազատություններ, այնուամենայնիվ, դա գործնականում անիմաստ էր:

Թուրքերը հայերին համարում էին երկրորդ կարգի քաղաքացիներ, մահմեդականներին անհավասար, ուստի մահմեդականների դեմ նրանց ցուցմունքները դատարանում չէին ընդունվում, նրանց արգելվում էր զենք կրել, ձիեր, ուղտեր վարել, նույնիսկ նրանց կրոնական սովորույթները սահմանափակված էին. եկեղեցական զանգերի ղողանջը խստիվ արգելված էր։

Հայերի ճնշող մեծամասնությունն աղքատ գյուղացիներ էին, բայց ոմանց հաջողվում էր առևտրական և արհեստավոր դառնալ: 17-18-րդ դարերում միջազգային առևտրում հայերի ներգրավվածությունը հանգեցրեց Ստամբուլում և Օսմանյան այլ նավահանգիստներում հայկական համայնքային բնակավայրերի հաստատմանը:

18-19-րդ դարերի մի քանի հայկական ընտանիքներ կարողացան կարևոր պաշտոններ զբաղեցնել բանկային և առևտրային, կամ նույնիսկ իշխանական համակարգում: Այս ժողովուրդը հատուկ ուշադրություն էր դարձնում գիտության կարևորությանը, ուստի հայկական վերնախավը դարձավ մահմեդական դժգոհությունների առարկա, որն ի վերջո հանգեցրեց անվստահության:

Օսմանյան իշխանությունների քայլերը դեպի Ցեղասպանություն

Երիտասարդ հայ ակտիվիստները, որոնցից շատերը Ռուսաստանի կովկասյան մասից էին, փորձում էին պաշտպանել Օսմանյան կայսրությունում տառապող իրենց հայրենակիցներին՝ քարոզարշավ տանելով անկախ պետության համար:

1887 և 1890 թվականներին նրանք ստեղծեցին երկու հեղափոխական կուսակցություններ (Հնչակյան և Դաշնակցություն): Ճիշտ է, նրանցից ոչ մեկը լայն աջակցություն չստացավ ներկայիս արևելյան Թուրքիայի հայության շրջանում, բայց հեղափոխական այդպիսի գործողությունները վախ և անհանգստություն առաջացրին մահմեդականների շրջանում:

Հայերի դեմ առաջին լայնածավալ հարձակումը եղավ 1894 թվականին, երբ նրանք հրաժարվեցին վճարել իրենց ճնշող հարկերը:

Դրանից հետո կառավարությունն օգտագործում էր կայսրության զինված ուժերը և քրդական ցեղերին՝ հազարավոր հայերի սպանելու համար: Հաջորդ տարի Ստամբուլում հայկական ցույցը ճնշվեց զենքով, և ահավոր գրոհների գագաթնակետը, որը հայտնի է որպես Համիդյան կոտորած, դարձավ Ուրֆայի տաճարում թաքնված 3000 հայերի այրումը:

1894-1896 թվականներին կոտորածները խլեցին մինչև 200 հազար հայի կյանք, բայց սա հեռու էր վերջը լինելուց, ավելի շուտ՝ վերջի սկիզբն էր:

Մարդկության դեմ ուղղված աներևակայելի հանցագործությունները, որոնք մարդային միտքն ունակ չէ ընկալելու՝ հիմնականում որևէ ազգի ցեղասպանությունը, ենթադրում էին իշխող վերնախավի ջանքեր երկրում քաղաքական և տնտեսական վերահսկողությունը պահպանելու համար:

Թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը չունի որևէ արդարացում, բայց լիովին բացատրելի է:

Կայսրության ներսում տիրող իրարանցումը և հայերի կործանվող հույսերը

20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը դժվարին ժամանակներ էր ապրում, ավելի ճիշտ՝ կայսրության փլուզման սկիզբն էր:

Երկիրը կորցնում էր իր տարածքները, Ավստրիայի և Ռուսաստանի սպառնալիքը և տարածաշրջանում իրենց ազդեցությունը ընդլայնելու նրանց  ցանկությունն աճել էր, իսկ կորսված տարածքներից փախստականների թիվն աճում էր ահռելի տեմպերով. կարճ ասած՝ իրավիճակը դարձել էր գրեթե անկառավարելի:

Նման դեպքերում «երերացող կառավարությանը» պետք է քավության նոխազ, որը Օսմանյան կայսրության պարագայում հայկական համայնքն էր:

Կայսրության քաղաքական կյանքում նույնպես իրարանցում էր առաջացել: 1908թ. սուլթանը տապալվեց Օսմանյան հեղափոխական խմբավորման՝ Միության և առաջադիմության կոմիտեի կողմից, որին հայերը ողջունեցին ոչ մուսուլմանների նկատմամբ հանդուրժողականության, սահմանադրական միապետության վերականգնման և երկիրը եվրոպական չափանիշներով արդիականացնելու իրենց նկրտումների համար:

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում Միություն և առաջադիմություն կուսակցության ազգայնական ծայրահեղականների ազդեցությունը մեծացավ, և ազատամիտ թուրքերը հեռացվեցին Կոմիտեից:

Առաջին Բալկանյան պատերազմում (1912-1913) կրած պարտությունից հետո ի հայտ եկան առավել արմատական անդամները` Ջեմալ Փաշան, Էնվեր Փաշան և Թալեաթ Փաշան, ովքեր հեռու էին երկրի հայերին ու մյուս փոքրամասնություններին թուրքերի հետ հավասար դասելուց: Հայերը նույնիսկ համարվում էին հավանական հինգերորդ շարասյուն. նրանց մեղադրում էին պատերազմում կրած պարտության համար:

Կարմիր կիրակի կամ Հայոց ցեղասպանություն

Առաջին համաշխարհային պատերազմի բռնկմամբ իրավիճակը սկսեց վատթարանալ: Իշխանությունների կողմից տարածվող հակահայկական գաղափարախոսությունը և, առհասարակ, հակաքրիստոնեական քարոզչությունը Հայոց ցեղասպանությանն իրագործման ուղղությամբ արված առաջին քայլերն էին: Հայերը ներկայացված էին որպես Օսմանյան կայսրության անվտանգության ամենամեծ սպառնալիք:

1915թ. ապրիլի 23-ի, լույս 24-ի գիշերը, որը հայտնի է որպես Կարմիր կիրակի, Օսմանյան կառավարությունը բանտարկեց մոտ 250 հայ մտավորականների, այնուհետև աստիճանաբար սպանեց նրանց բոլորին: Սա Հայոց ցեղասպանության սկիզբն էր, որն ավելի քան 1,5 միլիոն մարդու կյանք խլեց:

Հայ ժողովուրդը ստիպված էր վերապրել զանգվածային տեղահանություններ Արևելքից դեպի Սիրիական անապատ, սովամահություն, սիստեմիկ կոտորածներ, սեռական բռնություն, կանանց և երիտասարդ աղջիկների վաճառք, ստրկության և նույնիսկ ավելի դաժան հանցագործություններ, որոնք կատարվեցին Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Պատերազմի ավարտին երկրի հայ բնակչության ավելի քան 90%-ն անհետացավ, նրանց մեծ մասը սպանվեց, և միայն “բախտավորնեը” կարողացան փախչել ու հաստատվել արտերկրում:

Անհետ կորած հայերի ունեցվածքն ու տները բաժին դարձան մահմեդական փախստականների, փրկված կանայք ստիպված իսլամացան, և հազարավոր որբեր ապաստան գտան արտասահմանում:

Այսօր հայկական զանազան համայնքները շարունակում են սպասել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, քանզի մինչ այժմ միայն 29 երկիր և ԱՄՆ 49 նահանգ են այն ճանաչել:

Դժբախտաբար, Թուրքիան այն ճանաչելու մտադրություն չունի, գոնե՝ առայժմ»:

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0