Գլխավոր էջ | Միջազգային | Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

By
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին:

Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում և վստահություն հայտնել, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ-սերբական հարաբերություններում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցերը պիտի օժանդակեն կողմերի միջև առկա չիրացված ներուժի բացահայտմանն ու կենսագործմանը և շեշտել, որ երկու ժողովուրդների միջև գոյություն ունեն խոր պատմական ու մշակութային կապեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև վիզաների չեղարկման փաստը և վստահություն հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա զբոսաշրջային փոխայցերի համար:

Օրենսդիր մարմնի ղեկավարն առանձնակի կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների դերը երկկողմ հարաբերություններում թե՛ բարեկամական խմբերի և հանձնաժողովների, թե՛ միջազգային խորհրդարանական ձևաչափերի մակարդակներում:

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու տարածաշրջաններում առկա իրավիճակի վերաբերյալ:

Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` Արարատ Միրզոյանը նշել է, որ այնտեղ ապրող հայ բնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը ինքնորոշման իրավունքն է: Նա վերահաստատել է, որ հայկական կողմը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և գործընկերներին կոչ անում` սատարել այս ձևաչափն ու որդեգրված սկզբունքները:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0