Գլխավոր էջ | Միջազգային | ՄԱԿ-ը հարցապնդում է հղել Թուրքիային 1915-1923 թվականներին հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի եւ նրանց վախճանի մասին

ՄԱԿ-ը հարցապնդում է հղել Թուրքիային 1915-1923 թվականներին հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի եւ նրանց վախճանի մասին

By
ՄԱԿ-ը հարցապնդում է հղել Թուրքիային 1915-1923 թվականներին հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի եւ նրանց վախճանի մասին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոս և հայկական մի շարք կառույցներ

Առաջնորդվելով համազգային շահերով, մեր պատկան կազմակերպությունների և հաստատությունների անունից  մենք ողջունում ենք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի, ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողի և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողի համատեղ գործողությունը, այն է՝  իրենց մանդատների շրջանակում Թուրքիայի Հանրապետության կառավարությանը համատեղ հարցապնդում հղելը:

Այս համատեղ հարցապնդումը կարևոր քայլ է Թուրքիայի Հանրապետությանը պահանջ ներկայցնելու գործընթացում, որ վերջինս հաշտվի սեփական անցյալի հետ և, նախ և առաջ, կատարի  ճշմարտության հաստատման, զոհերի արդարության և վնասի փոխհատուցման իրավունքն ապահովելու համար քննություն իրականացնելու իր պարտավորությունը:

Ընդգծվում է, որ խախտումների վերաբերյալ նշված փաստաթղթում շարադրված պնդումները վերագրվում են Թուրքիային՝ հայկական փոքրամասնության վրա 1915-1923թթ. ներազդած ողբերգական իրադարձությունների և այդ բնակչության նկատմամբ առաջացած հետևանքների առումով:

Հարցապնդումը մտահոգություն է հայտնում թուրքական պետության ժխտողական դիրքորոշման, որոշ արտահայտությունների վերաբերյալ կարծիք ունենալու և արտահայտելու ազատությունը սահմանափակող օրենսդրության, ինչպես նաև զանգվածային տառապանքների, դաժան վերաբերմունքի ու մարդկանց մահվան հանգեցրած 1915-1923 թթ. հայերի բռնի տեղահանության առնչությամբ ճշմարտության հաստատման և արդարադատության ապահովման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ:

Այն նաև ընդգծում է, որ այս իրավիճակն ազդում է զոհերի եւ նրանց սերունդների արժանապատվության վրա։

Դիմող կողմերը միջնորդել են, որպեսզի Թուրքիայի Հանրապետության կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման վերաբերյալ, մասնավորապես.

 

1- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայի կողմից իրողությունը պարզելու համար, ներառյալ 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:

2- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:

3- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը, ըստ հնարավորինս, հայտնաբերելու համար:

4-Տեղեկատվություն տրամադրել 2017 թվականին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։  Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:

5-Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ հանցագործությունների մասին հայտարարությունների համար անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:

 

Թուրքիայի կառավարությունը 2019 թվականի մայիսի 17-ին կտրականապես հրաժարվել է պատասխանել այդ հարցերին՝  ի հակադրություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության ընթացակարգերի:

Մենք բարձր ենք գնահատում Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի և երկու հատուկ զեկուցողների կողմից ՄԱԿ-ի այդ ընթացակարգերի գործադրումը և մեր աջակցությունն ենք հայտնում սույն աննախադեպ և նշանակալից գործընթացին հետամուտ լինելու ձեռնարկումին:

Չնայած նրան, որ այս գործընթացը չի փոխարինում ցեղասպանության ճանաչմանը  կամ նշված ժամանակահատվածում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով հայերի կրած կորուստների, այդ թվում նրանցից բռնազավթված գույքի լրիվ և համարժեք հատուցմանը, այնուհանդերձ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համապատասխան մարմինների գործողությունները էական առաջընթաց  են ճշմարտության բացահայտման և մարդկությանը հասցված այդ բաց վերքի դիմաց հատուցման ճանապարհին:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին – Ն. Օ. Ս. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոս (Վաղարշապատ, Հայաստանի Հանրապետություն)

Կաթողիկոսարան Մեծի Տանն Կիլիկիոյ – Ն. Օ. Ս. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոս (Բեյրութ, Լիբանան)

Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդ (ԱՄՆ)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ԱՄՆ)

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն (ԱՄՆ)

 

ՄԱԿ-ի մարմինների Համատեղ հարցապնդման ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով՝  

https://spcommreports.ohchr.org/TMResultsBase/DownLoadPublicCommunicationFile?gId=24294

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0