Գլխավոր էջ | Սփյուռք | Երուսաղեմի Հայոց Ցեղասպանության արխիվն՝ Օսմանյան Կայսրության ցեղասպան քաղաքականության վկայարան

Երուսաղեմի Հայոց Ցեղասպանության արխիվն՝ Օսմանյան Կայսրության ցեղասպան քաղաքականության վկայարան

By
Երուսաղեմի Հայոց Ցեղասպանության արխիվն՝ Օսմանյան Կայսրության ցեղասպան քաղաքականության վկայարան

Երուսաղեմի Հայոց պատրիարքության Հայոց Ցեղասպանության արխիվում պահվում է իր ծավալով, թերևս, ամենամեծ հավաքածուն։ Շուրջ ութ տասնամյակ այս արխիվը փակ է եղել, և միայն սակավաթիվ մասնագետներ են կարողացել մասնակի ուսումնասիրություններ կատարել այնտեղ:

 

Արխիվում գիտահետազոտական աշխատանքներ իրականացրած, թուրքագետ Լուսինե Սահակյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում «Ասպարեզ»-ին տված հարցազրույցում:

«Արխիվի ստեղծումից շուրջ հարյուր տարի անց Նուրհան արք. Մանուկյան պատրիարքի նախաձեռնությամբ, բարձր հովանավորությամբ եւ օրհնությամբ, ինչպես նաեւ՝ Երևանի պետական համալսարանի ղեկավարության և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) տնօրինության համաձայնությամբ, ես՝ որպես նույն ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, և իմ գործընկերը՝ օսմանագետ Անի Սարգսյանը, սկսած 2017 թվականից, չորս այցելությունների ընթացքում կարողացել ենք դասակարգել 11 տուփ կազմող արխիվի խառնիխուռն էջերն ու լուսապատճենել շուրջ 25 հազար էջ։ Ի դեպ, վավերագրերի մեծ մասը ձեռագիր է` գրված արևմտահայերեն, հայատառ թուրքերեն, օսմաներեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն։

Սա բավական բարդ և ժամանակատար աշխատանք է, քանի որ գրությունները տարբեր ձեռագրերով են, և երբեմն համառոտ նկարագրություն կազմելու համար անհրաժեշտ է լինում կարդալ 30-40 էջանոց վավերագիր։ Մեր խմբում ընդգրկված են նաեւ այլ մասնագետներ, որոնց հետ քննարկում ենք մեր աշխատանքները և խորհրդակցում։ Այժմ ընթանում են այդ թղթածրարների ցուցակագրման աշխատանքները։ Ցուցակների ժողովածուները հրատարակելու համար արդեն ձևավորվել է խմբագրական խորհուրդ»,-նշել է նա:

Լուսինե Սահակյանը նշել է, որ արխիվի ամբողջական պատկերը կներկայացնեն համալիր քննությունից հետո, երբ ավարտվեն ցուցակագրման աշխատանքները, իսկ առաջին երեք տուփերի թղթածրարների մասին շուտով լույս կտեսնի պատրաստված ծավալուն հոդվածը։

«Եթե ընդհանուր գծերով բնութագրենք արխիվը, ապա կարելի է ասել, որ այն Հայոց Ցեղասպանության և Հայկական հարցի բացառիկ մի ժամանակագրություն է, որն ընդգրկում է 1911-1922 թթ-ը։ Այն իր ամբողջությամբ Օսմանյան կայսրության համակարգված ցեղասպան քաղաքականության վկայարան է` ամրագրված կնիքներով, համարակալումներով և ստորագրություններով։ Տեղեկատու դիվանի անխոնջ աշխատանքի արդյունքում հավաքվել են վավերագրեր Հայոց Ցեղասպանության մանրամասների՝ գլխավոր կազմակերպիչների, հայերի կոտորածների, թալանի, ունեզրկման, մարդկանց առևանգումների, դատական հայցադիմումների և Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության արձագանքների ու համապատասխան հանձնարարականների և այլնի մասին։ Բազմաթիվ էջեր են կազմում ականատեսների վկայությունները: Կան արևմտյան պաշտոնյաներին ուղղված տեղեկագրեր, վիճակագրական զանազան ցանկեր, զեկույցներ, որոնք մանրամասնորեն ներկայացնում են հայ ժողովրդի ծանր կացությունը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո»,-նշել է նա:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0