Գլխավոր էջ | Սփյուռք | Պլանավորած այլ գործողություններ ևս հաջողվեցին. Ցնցող ակցիայի մանրամասները

Պլանավորած այլ գործողություններ ևս հաջողվեցին. Ցնցող ակցիայի մանրամասները

By
Պլանավորած այլ գործողություններ ևս հաջողվեցին. Ցնցող ակցիայի մանրամասները

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը նշանավորվեց Լյուքսեմբուրգում տեղի ունեցած «Դյուդելանժ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուների Առաջին ճակատի՝ ՖԱՖ-ի իրականացրած ակցիայով: Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ ակցիայի մասնակիցները թռչող սարքի՝ դրոնի միջոցով խաղադաշտի վրայով ծածանել էին Արցախի պետական դրոշը, ինչի արդյունքում գլխավոր մրցավարը մոտ կես ժամով դադարեցրել էր հանդիպումը՝ մրցող թիմերին ուղարկելով հանդերձարան: Տեղի ունեցածը իրարանցում էր առաջացրել մարզադաշտի ադրբեջանցի երկրպագուների համար նախատեսված սեկտորում: Կարծելով, որ դրոնը ղեկավարում է մարզադաշտի աշխատակիցներից մեկը, երկրպագուներից մի քանիսը փորձել էին հարձակվել նրա վրա: Ադրբեջանական կողմը, սպասվածի համաձայն, տեղի ունեցածը որակել է սադրանք և զոհի կարգավիճակով փորձում է ռեզոնանս առաջացնել Եվրոպայում:

Նշենք, որ սա առաջին ակցիան չէ, որը ՖԱՖ-ն իրականացնում է «Ղարաբաղի» հանդիպումների ժամանակ:  Անցյալ տարի  Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի  «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ղարաբաղին»։ Հանդիպման ժամանակ Բելգիայից ժամանած  հայ երկրպագու Սպարտակը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին, ձեռքին՝ Արցախի դրոշը,  ներխուժել է խաղադաշտ։ Անվտանգության աշխատակիցները դուրս են բերել նրան խաղադաշտից: Տեղի ունեցածը ևս լայն արձագանք էր ստացել Եվրոպայում և հիստերիա առաջացրել Ադրբեջանում:

Լյուքսեմբուրգում տեղի ունեցած  ակցիայի մանրամասների և հաջորդած զարգացումների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ:

– Կներկայացնե՞ք մանրամասներ  ակցիայի մասին, որը ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում է:

– Նմանատիպ ակցիա իրականացնելու մտահղացումը առաջացավ «Արարատ Արմենիայի» խաղից հետո՝ Լյուքսեմբուրգից Սպարտակի վերադառնալուց: Գաղափարը Սպարտակինն է։ Ամեն գնով տարբեր խոչընդոտներ հաղթահարելով՝ նա հասավ ակցիայի իրականացմանը։ Նրան միացան հայրենասեր տղերք՝ Բելգիայից։ Ընդհանուր առմամբ մի քանի շաբաթ է տևել ակցիայի նախագծումը։

– Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում ակցիան, և  կարելի՞ է համարել, որ այն ծառայեց իր նպատակին:

– Կարելի է ասել՝ ակցիան հաջողվեց, կային պլանավորած այլ գործողություններ, որոնք ևս հաջողվել են և լուսաբանման ենթակա չեն: Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում Ադրբեջանը պետական մակարդակով, ֆուտբոլային ակումբի միջոցով վարում է կեղծ տեղեկությունների և կեղծ պրոպագանդայի տարածման քաղաքականություն։ Նման քաղաքականությանն ի պատասխան՝ ֆեյք «Ղարաբաղ» ակումբի դեմ հանդես ենք գալիս Արցախը ներկայացնող, պրոպագանդող ակցիաներով, որոնց միջոցով միջազգային ամենահայտնի պարբերականները լուսաբանում են խնդիրը ոչ միակողմանի, եվրոպական ակումբների տասնյակ հազարավոր երկրպագուներ ուսումնասիրությունից հետո ճիշտ պատկերացում են կազմում Արցախի մասին։ 

– Սպարտակի և ակցիայի մյուս մասնակիցների հետ ամեն ինչ կարգի՞ն է:

– Այո, ամեն ինչ կարգին է:

– Ի՞նչ արձագանք է ստացել ակցիան միջազգային ասպարեզում: Կներկայացնե՞ք ուշագրավ դրվագներ:

– Հերթական անգամ խոշոր պարբերականները անդրադառնալով ակցիային՝ անդրադարձան նաև բուն Արցախի խնդրին: Ադրբեջանական պրոպագանդայում այն շատ միակողմանի և կեղծ էր ներկայացվում: Ակցիային անդրադարձավ նաև ուլտրաս աշխարհը:

– Ադրբեջանական կողմից սպառնալիքներ չե՞ն հնչել:

– Բազմաթիվ սպառնալիքներ… Ադրբեջանական խոշոր սոցցանցերի խմբերը, անհատները նշում են մեր էջերը… այժմ մեր էջերը թիրախավորված են:

– Եվրոպա լիգայում «Ղարաբաղը» դեռ երկու արտագնա հանդիպում է անցկացնելու Կիպրոսում և Իսպանիայում: ՖԱՖ-ը պատրաստվո՞ւմ է շարունակել ակցիաները:

– Որոշ մտքեր կան, բայց վաղ է դեռ խոսել այդ մասին:

 

Հեղինակ՝ Դավիթ Ջալալյան

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0