Գլխավոր էջ | Սփյուռք | Լազարևների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է

Լազարևների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է

By
Լազարևների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է

Մայրենի լեզուն սովորելը պարտադիր է հայ երեխաների համար հայկական ազգային բաղադրիչ ունեցող №2042 դպրոցում։ Բայց այստեղ դասավանդում են նաև արաբերեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Sputnik Արմենիան ներկայացնում է դպրոցը ուսմնական տարվա սկզբին։

Լազարևների անվան №2042 դպրոցը Մոսկվայի միակ հանրակրթական դպրոցն է, որտեղ հայերեն է դասավանդվում։ Գիտելիքի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման աշակերտների մեծ մասը հայեր ու ռուսներ են։ Սակայն այստեղ նաև Միջին Ասիայի և հեռավոր արտասահմանի այլ երկրներից եկած աշակերտներ էլ կան։

Ռուսաստանի ու Մոսկվայի դրոշները բեմ բարձրացնելու պատվին են արժանացել դպրոցի լավագույն աշակերտները` Սամվել Շահբազյանն ու Էդվին Ռոստոմյանը։ Երկուսն էլ 11-րդ դասարանում են սովորում և ոսկե մեդալի են հավակնում։

Սամվելը երկրորդ դասարանից այստեղ է սովորում, առաջինըՀայաստանում է ավարտել։

«Շատ լավ եմ ինձ զգում այս դպրոցում,- խոստովանում է տղան,- մթնոլորտն այստեղ շատ ջերմ է։ Ուսուցիչներն աշակերտներին իրենց զավակների պես են վերաբերվում, ոչ միայն գիտելիք են տալիս, այլև դաստիարակում են»։

Էդվինն առաջին դասարանից այս դպրոցում է։ Ծնողները նրան այս դպրոց են բերել, քանի որ այստեղ մայրենի լեզուն սովորելու հնարավորություն կա։

«Մարդ պետք է ճանաչի սեփական մշակույթը, սեփական լեզուն անկախ նրանից, թե որտեղ է գտնվում»,- ասում է Էդվինը։

№2042 դպրոցի տնօրեն Գայանե Աբրահամյանը պատմում է, որ դպրոցը 11 տարի առաջ է հիմնվել ու հայկական ազգային բաղադրիչով №1110 դպրոցի իրավահաջորդն է դարձել։

«Տարբերությունն այն է, որ №1110 դպրոցում միայն հայեր էին սովորում,- ասում է տնօրենը,- դպրոցը բացվել էր Սպիտակի երկրաշարժից հետո։ Աշակերտներ ավելացել էին նաև Ղարաբաղյան պատերազմից հետո։ Դպրոցը նախկին մանկապարտեզի շենքում էր, որը նախատեսված էր 250 մարդու համար, բայց այնտեղ 790 երեխա էր սովորում։

Շատերը դժվար էին հարմարվում Մոսկվայի կյանքին, քանի որ երեխաները նույնիսկ Երևանից չէին, այլ փոքր գյուղերից։ Այնուամենայնիվ, դպրոցի տված կրթության շնորհիվ երեխաները գտան իրենց տեղը։ Շրջանավարտներից շատերը շատ հաջողակ են դարձել»։

2008 թվականին բացված №2042 դպրոցում որոշվեց պահպանել հայկական բաղադրիչը, բայց չսահմանափակվել դրանով։ Ուսումնասիրվող լեզուներին ավելացան արաբերենն ու պարսկերենը։ Նաև անգլերեն ու ֆրանսերեն են սովորում։

Այս պահին դպրոցում 38 ազգության ներկայացուցիչներ են սովորում։ Այստեղ կան նաև երեխաներ Աֆղանստանից, Պակիստանից, Սիրիայից։

Հայոց լեզուն պարտադիր առարկա է բոլոր հայ երեխաների համար: Այն ուսումնասիրում են Հայաստանից բերված դասագրքերով։

Առաջին դասարանցի Էդմոն Ամիրյանը իսկապես երջանիկ է երևում։

«Մեր ընտանիքին լավ ծանոթ է այս դպրոցը,- ասում է նրա մայրը` Աղունիկը,– մեր ավագ դուստրը այստեղ է ավարտել»։

Տոնական տրամադրություն ուներ նաև մեկ այլ առաջին դասարանցի` Մարկ Պապոյանը։ Այժմ նա կկարողանա իր ավագ եղբոր` չորրորդ դասարանի աշակերտի հետ դպրոց գալ։ «Մեզ այս դպրոցում դուր է գալիս, թե ինչպես են երեխաներին վերաբերվում»,- ասում է առաջին դասարացու մայրը` Աննա Պապոյանը։

Պապոյանը վստահեցնում է, որ հենց այս դպրոցում կարելի է բարձր մակարդակով ուսումնասիրել օտար լեզուներ և այլ առարկաներ սովորել։

Sputnik, Լև Ռիժկով

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0