Գլխավոր էջ | Արցախ | Դա Արշավիր Ղարամյանի անձնական կարծիքն է. Արցախն ԱՄՆ-ի ու Իրանի հետ պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ

Դա Արշավիր Ղարամյանի անձնական կարծիքն է. Արցախն ԱՄՆ-ի ու Իրանի հետ պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ

By
Դա Արշավիր Ղարամյանի անձնական կարծիքն է. Արցախն ԱՄՆ-ի ու Իրանի հետ պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ

«Մենք ուշիուշով հետևում ենք՝ ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, և սա բնական է, հենց այդպես էլ պետք է լինի։ Մերձավոր Արևելքը մեր հարևան տարածաշրջանն է, այնտեղ ապրում է մեծ քանակությամբ հայություն, այնտեղ կան մեր ազգային շահերը, ուստի մենք պարտավոր ենք շատ մեծ, ընդգրկված ուշադրությամբ հետևել, թե ինչ է կատարվում այդ տարածաշրջանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով գեներալ Սոլեյմանիի սպանությանը հետևած իրադարձություններին, Արցախից եկող հայտարարություններին՝ ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Բաբայանն ընդգծեց. «Բնական է, որ պետք է վարել ճկուն, բարձր կարգի արհեստավարժ ու հավասարակշռված քաղաքականություն։ Երբեք սխալ թույլ չտալու քաղաքականությունը հենց այդպիսին է։ Մենք շահագրգռված ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ձևով, որովհետև եթե սկսվեն անկանխատեսելի պատերազմական գործողություններ, դա կունենա ողբերգական ազդեցություն ու զարգացումներ կծնի նաև մեր տարածաշրջանում, չի բացառվում՝ նաև Ադրբեջանում։ Երբ խոսում ենք արհեստավարժ ու հավասարակշռված քաղաքականության մասին՝ գուցե մեր պարագայում դժվար է, բայց անհնար չէ։ Մենք և՛ Իրանի, և՛ Սիրիայի հետ ենք բարեկամ երկիր։ Իրանը մեզ սահմանակից է, այնտեղ կան հայեր, Սիրիայում կան ցեղասպանությունից մազապուրծ եղած հայեր, որոնց սիրիացի մեր եղբայրները ընդունել են, նաև մենք բարեկամ երկիր ենք ԱՄՆ-ի հետ»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ԱՄՆ-ը, որպես գերտերություն և որպես պետություն, որտեղ երկրորդ ամենամեծ սփյուռքի հատվածն է, պարտավորեցնում է մեզ իր հետ լավ հարաբերություններ ունենալ. «Պարտավոր ենք նաև լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որտեղ ամենամեծ հայկական սփյուռքն է, նաև պարտավոր ենք Վրաստանի, Լիբանանի, Եգիպտոսի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Սա մեզ թույլ է տալիս ճկուն քաղաքականություն վարել, ու մենք այստեղ պետք է շատ զգույշ լինենք։ Շատ դժվար է, երբ երկու քո դաշնակից երկրները խնդիրներ ունեն միմյանց հետ, բայց մենք այլ տարբերակ չունենք։ Պետք է լինենք պատասխանատու, արհեստավարժ, ճկուն ու համապարփակ ձևով մոտենանք խնդիրներին»։

Մեր այն դիտարկմանը՝ այդ դեպքում Արցախի ԱԽ քարտուղարն անձնակա՞ն հայտարարություն է արել այս թեմայով՝ ընդգծելով, որ գեներալի սպանության համար Իրանը պետք է վրեժխնդիր լինի, և դա արժանապատվության հարց է, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ընդհանրապես դա իր անձնական տեսակետն է։ Ամեն մարդ էլ ազատ է, բայց ինձ թվում է՝ այնտեղ պետք է հատուկ նշվեր, որ դա իր անձնական կարծիքն է։ Պետական կարծիքը հունվարի 5-ի խորհրդակցության ժամանակ հնչել է, տեսաք նաև նախագահի կարծիքը։ Պետք է աչալուրջ լինենք։ Այո՛, մի կողմից՝ Իրանը մեզ համար եղբայրական երկիր է, մեծ աշխարհաքաղաքական նշանակություն ունի մեզ համար, զսպում է պանթուրքիստական վեկտորը։ Թող որևէ մեկը կասկած չունենա, որ մենք այլ մոտեցում կունենանք, բայց մյուս կողմից՝ ԱՄՆ-ը ևս բարեկամ երկիր է։ Կա երկու միլիոնից ավելի հայ, որ այնտեղ գտել է իր հայրենիքը։ ԱՄՆ քանի՞ նահանգ է ճանաչել Արցախի անկախությունը։ Տեսաք, թե ինչպիսի հրճվանքով մենք ընդունեցինք Սենատի ու Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0