Գլխավոր էջ | Հայաստան | Հայտնաբերվել է ավելի քան 19 մլրդ դրամի չափով խախտումներ. ՊՎԾ-ն ամփոփել մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները

Հայտնաբերվել է ավելի քան 19 մլրդ դրամի չափով խախտումներ. ՊՎԾ-ն ամփոփել մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները

By
Հայտնաբերվել է ավելի քան 19 մլրդ դրամի չափով խախտումներ. ՊՎԾ-ն ամփոփել մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է մեկ տարվա ընթացքում իրականացված հիմնական աշխատանքները: 1 տարվա ընթացքում պետական կառավարման համակարգի մարմիններում, պետական հիմնարկներում եւ համայնքներում իրականացվել են շուրջ 100 վերահսկողական գործառույթներ (շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ, շուրջ 7 տասնյակ մշտադիտարկումներ), որոնց արդյունքում, դեռեւս նախնական տվյալներով, հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր, ռիսկային գնահատված թվային ցուցանիշներ, չհաշվարկված պայմանագրային տույժեր եւ այլն։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել են նաեւ ՀՀ պետական բյուջեի տնտեսումներ։

Վերահսկողական գործառույթն իրականացվել է ՀՀ վարչապետի համաձայնությամբ, Ծառայության ղեկավարի հանձարարագրերի, ինչպես նաեւ ՀՀ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմում-բողոքների, մամուլի հրապարակումների եւ այլ հիմքերով:

Ուսումնասիրությունների արդյունքում կազմված գրեթե բոլոր տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, ներկայացված են մեղադրանքներ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ իրականացված որոշ ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների հիման վրա կազմված տեղեկանքներում առկա են պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հրապարկման ենթակա չեն:

Ընդհանուր առմամբ, վերահսկողական գործառույթներ են իրականացվել եւ իրականացվում ՀՀ ոստիկանությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, ՀՀ ՊԵԿ-ում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, «Հայաստան համահայկական հիմնադրամում», «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում, ՀՀ էկոնոմիկայի (տնտեսական զարգացման եւ ներդրումների) նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի Գործակալություն» ՊՈԱԿ-ում, ՀՀ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում, , , ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում, թվով 6 ջրօգտագործող ընկերություններում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամում», Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, «Սեւանի իշխանի պարշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում, Երեւանի քաղաքապետարանում, ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի եւ Վայքի համայնքապետարաններում, ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Զարթոնք եւ ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ում, «ԲԷՑ ՓԲԸ-ում, «Հայավտոկայան» ՓԲԸ-ում, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում եւ այլ պետական վերասկողության ենթակա մարմիններում եւ բնագավառներում:

Որոշ դեպքերում, վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջականացնելու նպատակով իրականացվել են հանդիպակած ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի մոտ:

Հարկ է նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ ՀՀ-ում իրականացվող ներդրումային ոլորտում պետական քաղաքականության իրականացման գործընթացներում ներգրավված այլ մարմիններում կատարվել է ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման գործառույթների օրինականության եւ արդյունավետության ուսումնասիրություն, որի շրջանակներում կազմվել է տեղեկանք եւ ներկայացվել ՀՀ Վարչապետին։ Ուսումնասիրությունը շարունակվում է։

Տարվա ընթացքում քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ՀՀ պետական վերահսկողական ծառայություն հասցեագրվել եւ գրանցվել են 753 դիմում, որից 14-ը էլեկտրոնային եղանակով ստացված դիմումներ:

Ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիներից եւ զանգվածային լրատվության միջոցներից ստացվել է 50 հարցում, որոնց բոլորին տրվել է պատասխան:

Կատարվել է 163 քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ՝ վերջիններիս կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:

Ծառայությունը իր՝ supervision.am կայքում ներդրել է քաղաքացիների «դիմումների առցանց ընդունման» համակարգ, որի արդյունքում ՀՀ եւ օտարերկյա քաղաքացիները իրենց դիմում-բողոքները, հարցումները եւ առաջարկները կարող են ուղարկել Ծառայություն առցանց տարբերակով, հետեւել դիմումի ընթացքին եւ ներբեռնել դիմումի պատասխանը կայքից:

Ծառայության դիմումների եւ քաղաքացիների ընդունելության վարչությունում գործում է «Թեժ գիծ»: Վերը նշված ժամանակահատվածում 171 քաղաքացիների տրվել է պարզաբանում իրենց կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:

Վերահսկողություն իրականացնելու արդյունքում մշակվել եւ համապատասխան իրավասու մարմիններին ներկայացվել են նաեւ բազմաբնույթ առաջարկություններ օրենսդրական բարեփոխումների եւ հետագա աշխատանքների կատարելագործման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում կատարված աշխատանքներին զուգահեռ նախանշվել են նաեւ 2020 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0