Գլխավոր էջ | Հայաստան | Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի հետ

By
Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և բացի պետությունների միջև հարաբերություններից, հայ և հույն ժողովուրդները մեծ համակրանք ու եղբայրական զգացումներ ունեն իրար նկատմամբ, ինչը գալիս է դարերի խորքից: Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Հունաստանի խորհրդարանը դեռևս 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2015 թվականին ընդունել է օրենք, որով քրեականացրել է ցեղասպանության ժխտումը, իսկ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը: Բացի մշակութային, տնտեսական և քաղաքական կապերից, Արարատ Միրզոյանը մեծապես կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը և նշել միջխորհրդարանական շփումներն ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտության մասին: Նա հայտնել է, որ իր կիպրոսյան այցի ժամանակ Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ խոսակցություն է ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդարանական հնարավոր ձևաչափի մասին և այդ թեմայով շաբաթներ առաջ խոսել է նաև Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ շատ քիչ երկրներ են մնացել, որոնք դեռ չեն վավերացրել Եվրամիության ու Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը, և այդ երկրներից մեկը, ցավոք, Հայաստանի բարեկամ Հունաստանն է՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ևս:

 

Հունաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ մոտ ժամանակներս իր երկիրը կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ինչից հետո ակնկալում են, որ Հայաստանի և Հունաստանի, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ անդամ մյուս երկրների հետ հարաբերությունները է՛լ ավելի կխորանան: «Մենք պետք է ջանքեր գործադրենք և ընդլայնենք մեր հարաբերությունները»,- ասել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ նշելով, որ հայերի և հույների ցեղասպանություններն այն ողբերգական էջերն են, որոնք նույնպես միավորում են երկու երկրներին:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0