Գլխավոր էջ | Հայաստան | Հունաստանը պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին. Հունաստանի նախագահը՝ Գարեգին Բ-ին

Հունաստանը պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին. Հունաստանի նախագահը՝ Գարեգին Բ-ին

By
Հունաստանը պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին. Հունաստանի նախագահը՝ Գարեգին Բ-ին

Նոյեմբեր 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը նշել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է  դարերի խորքից՝ գոհունակությամբ ընդգծելով, որ նման բարձր մակարդակի այցելություններով ամրապնդվում և զորանում են հայ-հունական կապերը:

Վեհափառ հայրապետը հաստատել է, որ երկու երկրների միջև ձևավորված սերտ հարաբերությունները դրական ազդեցություն են թողնում իրենց աշխարհասփյուռ ժողովուրդների վրա: Այս իմաստով Նորին Սրբությունը փաստել է, որ իր՝ տարբեր երկրներ կատարած հովվապետական այցելությունների ժամանակ բազմիցս ականատեսն է դարձել հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը և ջերմ փոխհարաբերություններին:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը նշել է, որ 20-րդ դարասկզբին հայ և հույն ժողովուրդների դեմ իրագործված ոճիրը մղում է միմյանց զորակից լինելու և միավորվելու՝ միջազգային ատյաններում իրենց արդար իրավունքի պահանջի ու պաշտպանության համար: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ երկու երկրների սերտ փոխգործակցության առավել ընդլայնումը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների առաջընթացին ու բարգավաճմանը:

Հանդիպմանն իր երախտագիտությունը հայտնելով Հունաստանի իշխանություններին հայ համայնքի և Հայոց թեմի նկատմամբ ցուցաբերվող բարեխնամ հոգածության համար՝ Հայոց հայրապետը եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևորել է նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների դերակատարությունն ու շարունակվող ջերմ փոխհարաբերությունները:

Այս առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Առաջինին և Աթենքի ու Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդին:

Իր խոսքում Հունաստանի նախագահը նշել է, որ հայ և հույն ժողովուրդների պատմությունն ու բարեկամությունը շաղկապված է արյունով, ուստի Հունաստանը ևս վկայակոչում և հիշատակում է 20-րդ դարասկզբի ոճրագործությունները, որպեսզի այլևս որևէ կերպ չկրկնվեն նման սոսկալի հանցագործություններ:

Տիար Պրոկոպիոս Պավլոպուլոսն ընդգծել է, որ Հունաստանը պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: Հունաստանի նախագահը կարևոր է համարել, որ երկու երկրների եղբայրական ջերմ հարաբերությունները կարող են աշխարհում օրինակ ծառայել բազմաթիվ պետությունների համար:

Նախագահը Նորին Սրբությանը փոխանցել է նաև Կ. Պոլսի Տիեզերական Պատրիարքի և Աթենքի ու Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսի ողջույններն ու բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը հաստատել է, որ քրիստոնեական հավատն ու արժեքները երկու ժողովուրդների կյանքի հիմքն են եղել, որոնց շնորհիվ կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ:

Վերջում Վեհափառ հայրապետը մաղթել է, որ Աստծո Ամենախնամ Աջի պահպանության ու օրհնության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր ձեռքբերումներով՝ ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր կյանքի:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0