Գլխավոր էջ | Հայաստան | ՀՀ և ԼՂ իշխանությունների պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են. Փաշինյան

ՀՀ և ԼՂ իշխանությունների պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են. Փաշինյան

By
ՀՀ և ԼՂ իշխանությունների պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին 1,5 տարվա ընթացքում տեղի ունեցող «շահարկումներին»։

Փաշինյանը նշեց, որ առաջին դիտարկումն այն է, որ շրջանառության մեջ դրվեց այն, թե ՀՀ կառավարությունն ու անձամբ ինքը Ղարաբաղը հանձնում է, հետո շրջանառության մեջ դրվեց այն թեզը, թե ինքը ներքաշված է Ղարաբաղի դեմ դավադրության մեջ և, ըստ ամենայնի, պայմանավորված պատերզամով Ղարաբաղը հանձնվելու է:

«Դա տեղի ունեցավ 2018թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ես Սյունիքի մարզում մի քանի սուր ելույթներ ունեցա այս կարգի թեզերի վերաբերյալ, ապա ԱԱԾ-ին հանձնարարեցի, որ հրավիրի և հարցաքննի մարդկանց, թե ի՞նչ տեղեկությունների հիման վրա են նման շահարկումներ անում։ Հիմա, ամբողջ խնդիրն այն է, որ շրջանառության մեջ է դրվում երրորդ թեզը, թե քանի որ կառավարությունը կամ վարչապետը չի համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, կամ չեն համաձայնում զիջումներ անել, դա նշանակում է, որ բանակցությունները մտել են փակուղի և ահա սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով, կոնկրետ այդ թեմայով բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում և այսպես շարունակ»,-ասում է Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որ կա հայ-ադրբեջանական հարաբերություններում, այն միշտ էլ վտանգներ պարունակում է, սակայն դրանք այսօր ավելին չեն, քան եղել են 3, 4 կամ 5 տարի առաջ: Եվ ընդհակառակը, եթե մոնիթորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, կտեսնենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում լարվածության կտրուկ և էական անկում ունենք և դա տեղի է ունցել Դուշամբեի հայտնի քննարկումների համատեքստում, ինչը չի նշանակում, որ լարվածություն չկա:

«Ցավոք, լարվածությունն ընդհանուր առմամբ, շատ ավելի ցաշր մակարդակի է, բայց կա, շարունակվում է, ցավոք, մենք ունենում ենք զոհեր։ Ոչ մեկ չի ասում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է և խաղաղ կարգավորումը հասած է։ Մյուս կողմից, կարող եմ արձանագրել, որ բանակցային դինամիկայում կա բավական հետաքրքիր դինամիկա՝ փնտրելու ձգտում, ցանկություն»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով, թե որն է մեր ռազմավարությունը Ղարաբաղի հարցում, Փաշինյանն ասաց, որ «բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում»:

«Ղարաբաղի հարցը իմ հարցը չէ, սա խմբի հարց չէ, այն համազգային հարց է: Բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի ժողովուրդների համար: Իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Եվ երբ բանակցային գործընթացում կձևակերպվի մի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որը կարող եմ համարել, որ ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, լուծման վերաբերյալ առաջարկը կներկայացնեմ, դրա շուրջ համազգային քննարկում կունենանք և որոշումները պետք է կայացվեն համազգային ֆորմատով»,- ասաց Փաշինյանը, նշելով, որ համազգային ֆորմատը կարող է ենթադրել ընդհուպ հանրաքվեի անցկացում։

Փաշինյանն անդրադարձավ նաև այն շահարկումներին, թե Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև կան հակասություններ։

«Ես կարող եմ արձանագրել մի բան, որ ՀՀ իշխանության և Ղարաբաղի իշխանության պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։ Սա չափազանց կարևոր արձանագրում է և այլ կերպ ուղղակի չի կարող լինել։ Այս թեմայով որևէ շահարկում ուղղակի ծիծաղելի է և այս հարցով մենք հաճախ ենք քննարկում ունենում Արցախի իշխանության և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկությանը, որի, Փաշինյանի խոսքերով, շուրջ շրջանառության մեջ դրվեց թեզ, թե «Դուշամբեում Ալիևն ու Փաշինյանը վերելակում ինչ-որ դավադիր պայմանավորվածություններ է եղել, որին ներկա է եղել նաև Գրիգորի Հայրապետովը, ով լսել է դրա մասին, այդ պատճառով աշխատանքից ազատվել է»։

«Ուրեմն, պատկերացրեք, ես այնքան ապաշնորհ ու անխելք դավադիր եմ, որ նախ Ալիևի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում ու դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա, և Սերժ Սարգսյանի10 տարվա թիկնապահի ներկայությամբ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ եթե անգամ այնպես լիներ, ապա ինքը ոչ թե կազատեր Հայրապետովին, այլ ընդհակառակը, պետք է նրան պահեր, քանի որ երբ նա լիներ զինվորական սուբորդինացիայի ներքո, ապա կարող էր նրա լռությունը ինչ-որ ձևով ապահովել։

Փաշինյանը՝ «պնդումների» մասին, թե ինքը թուլացնում է բանակն ու գեներալիտետին։

«Եթե դուք գտնեք այս 1,5 տարի մի ժամանակաշրջան, երբ ՀՀ կառավարությունը զինված ուժերի զարգացման համար ավելի շատ բան է արել, ես կզարմանամ»,-ասաց Փաշինյանն ու ներկայացրեց, թե ինչ է արել այս ընթացքում բանակի մարտունակության բարձրացման համար։

Գեներալիտետի թուլացման հետ կապված Փաշինյանը նշեց, որ կան  քրեական գործեր, որով անցնում են գեներալներ։

«Մի՞թե մենք չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում պետք է օրենքի առաջ բոլորը լինեն հավասար։ Մի՞թե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, երբ գեներալական, կամ որևէ այլ կարգավիճակ պետք է հնարավորություն տա անարգել կատարել գործողություններ։ Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կարգավիճակը խախտել, բայց այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ այս 1.5 տարվա ընթացքում ինչ գեներալիտետ է ձևավորվել ՀՀ օրենսդրության համաձայն, բայց ըստ էության իմ նախաձեռնությամբ, մի շարք զինվորականներ ստացել են գեներալական կոչումներ»,-ասաց Փաշինյանն ու նշեց կոչումներ ստացածներին, որոնց մեջ է նաև Գրիգորի Խաչատուրովը (Յուրի Խաչատուրովի որդին), որը ստացել է գեներալ-մայորի կոչում։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/lEWUEKSrue4

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0