Գլխավոր էջ | Սփյուռք | Իսրայելը կվերանայի որոշումը. նախագահը խոստացել է պատրիարքին

Իսրայելը կվերանայի որոշումը. նախագահը խոստացել է պատրիարքին

By
Իսրայելը կվերանայի որոշումը. նախագահը խոստացել է պատրիարքին

 Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը երեկ հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ՝ քննարկելու հայկական կողմին հետաքրքրող մի շարք հարցեր։ Մասնավորապես, քննարկել են Հորդանան գետի ափին հայկական կալվածքի հետ կապված հարցը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հորդանան գետի ափին հայկական կալվածքը պատրիարքարանը խնդրել էր փոխանակել գետին ավելի մոտ եղած տարածքներով, սակայն խնդրանքը մերժվել էր, հիմա խնդրել են վերանայել. «Որպես պատրիարքություն՝ երկու պատրիարքությունների հետ միասին մեկ ուղղության վրա հայկական պատրիարքությունն իրավունք ունի հող ստանալու և այդ փոխանակումը անելու։ Կարծես թե դրական տրամադրվածություն կա Ոեուվեն Ռիվլինի կողմից, և գոնե խոստացան, որ կվերանայեն խնդրանքը և պետք է փորձեն մեր խնդրանքը բավարարել»։

Հայր Կորյունը նշեց, որ խնդիրն առաջացել է վաղուց. «Բրիտանական մանդատի ժամանակ մեզ հող են տրամադրել, այն ուրիշ տեղ է եղել, մենք հրաժարվել ենք հողից, խնդրել ենք փոխանակում, հետո հորդանանցիներն են տրամադրել, այդ ժամանակ Հորդանանի իշխանությունից ենք խնդրել, սակայն երբ 67 թվականին պատերազմ սկսվեց, այդ տարածքը դարձավ զինվորական գոտի, և այն փակ էր։ Հինգ տարի է, ինչ այն բաց է, և հինգ տարի է, ինչ այս խնդիրը կա։ Պաշտոնական նամակը մենք երեք ամիս առաջ էինք ուղարկել, պաշտոնական պատասխանը մի քանի օր առաջ եկավ, երեկ հանդիպումը և քննարկումը եղավ»,- ասաց հայր Կորյունը։

Եթե Երուսաղեմի իշխանությունն ընդառաջ գնա հայկական կողմի խնդրանքին, գետին մոտ լինելը մի շարք հնարավորություններ կընձեռի պատրիարքությանը, մասնավորապես. «Սա մեր իրավունքի վերականգնումը կլինի, երկու պատրիարքարանների հետ նույն ուղղության վրա ենք, բացի այդ, գետին ավելի մոտ կլինի մեր կալվածքը, և մենք ապագայում այնտեղ եկեղեցի կառուցելու ծրագիր ունենք, գետին մոտ լինելու դեպքում մկրտությունները գետի մեջ կարվեն կամ էլ մեռոնից հանելու արարողությունը»,- նշեց հայր Կորյունը։

 

Իհարկե, նախագահի պաշտոնը Երուսաղեմում ներկայացուցչական է, բայց պատրիարքությունը փորձելու է օգտվել լավ տրամադրություններից, որ ունի Իսրայելի նախագահը հայ ազգի և հայկական համայնքի, պատրիարքարանի հանդեպ, և խնդիրը լուծել։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0