Գլխավոր էջ | Սփյուռք | Նոր վավերագրական ֆիլմը 1915 թ. ցեղասպանությունը կապում է ադրբեջանցիների կողմից հայերի վերջին սպանությունների հետ

Նոր վավերագրական ֆիլմը 1915 թ. ցեղասպանությունը կապում է ադրբեջանցիների կողմից հայերի վերջին սպանությունների հետ

By
Նոր վավերագրական ֆիլմը 1915 թ. ցեղասպանությունը կապում է ադրբեջանցիների կողմից հայերի վերջին սպանությունների հետ

Նոր վավերագրական ֆիլմը 1915 թ. ցեղասպանությունը կապում է ադրբեջանցիների կողմից հայերի վերջին սպանությունների հետ: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմը կցուցադրվի Միացյալ Նահանգների բազմաթիվ կինոթատրոններում, նաեւ «ըստ պահանջի» հասանելի կլինի 2017 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ: Ի տարբերություն այս թեմայով նկարահանված մյուս ֆիլմերի, այն ավելի հարմար է մերօրյա օտար հանդիսատեսների համար: Փաստագրական ֆիլմը, որը կրում է «Ցեղասպանության ճարտարապետները» վերնագիրը եւ «Ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է» ենթավերնագիրը, Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի զանգվածային ջարդերը կապում է Ադրբեջանի տարբեր քաղաքներում թուրքերի ցեղակիցների՝ ադրբեջանցիների կողմից հայերի ժամանակակից զանգվածային սպանությունների եւ արցախահայության կյանքին սպառնացող վտանգի հետ:

Վավերագրական ֆիլմը նկարահանել են հոլիվուդյան երկու հեռուստաաստղեր Դին Քեյնը եւ Մոնթել Ուիլյամսը: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին հարցազրույցներ է անցկացնում աշխարհահռչակ անձանց եւ փորձագետների հետ, որոնցից մի քանիսի հետ առաջին անգամ, ինչպես օրինակ Ջուլիան Ասանժի («Վիկիլիքս»), Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) բացահայտող Սիբել Էդմոնդսի, հայտնի միջազգային իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի, Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք գիտնականներից մեկի՝ պրոֆ. Թաներ Աքչամի, Ցեղասպանությունների դիտորդական առաքելության նախագահ դոկտ. Գրեգորի Սթենթոնի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Կովկասյան տարածաշրջանի փորձագետ Թոմ դը Վաալի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի, կոնգրեսական Ադամ Շիֆի, Թուրքիայի Դիրարբեքիրի Սուր քաղաքի նախկին քուրդ քաղաքապետ Աբդուլահ Դեմիրբաշի, Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Հայոց ցեղասպանության հարցերով փորձագետ Ուղուր Ունգորի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի, ինչպես նաեւ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ Բաքվի ու Սումգայիթի ջարդերի ականատեսների (սկսած 1988 թ. եւ ավելի վաղ, 20-րդ դարում) եւ տողերիս հեղինակի հետ:

Հարցազրույցներն  անցկացվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ադրբեջանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում, որոնցից մի քանիսում նկարահանող խմբեր ուղարկելը կապված էր մեծ ծախսերի եւ ռիսկի հետ: Վավերագրական ֆիլմը նաեւ տարբեր ցեղասպանությունների ընդհանրություն է ստեղծել՝ Կամբոջայից մինչեւ Սուդան (Դարֆուր), Հոլոքոստ, Բոսնիայի եւ Ռուանդայի ցեղասպանություններ:

Ահա կարեւոր հատվածներ որոշ ելույթներից, որոնք արվել են վավերագրողների հետ  հարցազրույցներում.

Ջուլիան Ասանժ. «Թուրքիան ամբողջ աշխարհում ագրեսիվ լոբբիստական դիվանագիտական ճանապարհով է գնացել, համոզելու համար, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վկայակոչումներ չեն լինի, ներառյալ նույնիսկ հզոր պետություններում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է»:

Նախագահ Սերժ Սարգսյան. «Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ իրենք մեկ ազգ են, սակայն ապրում են տարբեր պետություններում: Եվ, բնականաբար, նրանք որպես մեկ ազգ, միասնաբար քարոզում են ժխտողականության գաղափարախոսություն»:

Վավերագրական ֆիլմում թերեւս ամենասկանդալային բացահայտումն արել է Սիբել Էդմոնդսը, որին հեռացրել էին ՀԴԲ-ի իր աշխատանքից՝ թուրքական սխեմաներում բարձրաստիճան ամերիկացի քաղաքական գործիչների անօրինական ներգրավման մասին իր ղեկավարներին  տեղեկացնելու համար. «Որպես արդարացում Միացյալ Նահանգների կառավարությունը օգտագործում էր հետեւյալ արդարացուցիչ հանգամանքը՝ մենք դա անում ենք [Հայոց ցեղասպանության ժխտումը] նուրբ դիվանագիտական հարաբերությունների համար: Սա կեղծավորություն է, որին ես ականատես եմ լինում, հատկապես ներքին գիտակցումով, թե ինչ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում: Ամեն ինչ սկսվեց ճիշտ բան անելու փորձից եւ մենք պայքարեցինք քրեական գործողությունների դեմ, որոնք փողով գնում էին եւ չարաշահում եւ հակադարձում»:

Սիբել Էդմոնդսը պարզաբանելով, թե ինչու Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթը տապալեց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, ասաց, «Դա մի քայլ էր, որն իր գինն ուներ: Այս քվեարկությունն արգելափակելու համար նա կանխիկ գումար էր, կաշառք ստացել: Նա կաշառք էր վերցրել նաեւ սեքսուալ բնույթի ծառայությունների տեսքով Թուրքիա կատարած իր այցերի ընթացքում իջեւանած հատուկ հյուրանոցում: Սեռական բնույթի ծառայություններ նրան պետք է մատուցեին անչափահաս տղաները: Այդ ծառայությունները նրան մատուցում էին նաեւ իր տանը, դա կաշառք էր, օտարերկրյա կաշառք, որը համարվում է դավաճանություն: Բայց սա չնչին մասն էր այն ամենի, ինչ ՀԴԲ-ն արդեն հավաքել էր:

Չիկագոյում նա նաեւ անմիջականորեն ներգրավված է եղել տխրահռչակ թուրքական ցանցում, որը շատ մեծ տոկոսներ ուներ հերոինի հետ կապված գործունեությունից, գործողություններից եւ վաճառքից Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ կոնկրետ անձանցից ճամպրուկով կանխիկ գումարի ստացում նրա եւ իր աշխատակազմի ղեկավարի կողմից. նրանց վկայությունները ստուգվել են: Նրանց ոչ միայն գաղտնալսել էին, այլ նաեւ տեսանկարահանել: ՀԴԲ-ն իր տրամադրության տակ ունի ապացույցներ սկսած 1997 թվականից, որոնցով Դենիս Հասթերթը քրեականորեն մասնակից էր: Պետքարտուղարությունը շատ մարդկանց գիտի Կոնգրեսում, որոնց վերաբերյալ ես վկայություններ եմ տվել. նրանք տեղյակ են: Եվ ես ասացի. «Կտեսնեք, որ ամբողջ համակարգի ոչ հաշվետվողականություն, ծաղրանք կլինի»:

Վավերագրական ֆիլմում ցուցադրվում են նաեւ իրական կադրեր, որտեղ ադրբեջանցի զինվորները գլխատում են հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց եւ կտրում նրանց ականջները 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարված հարձակման ժամանակ:

Վերջապես, վավերագրողները հարցնում են Կոնգրեսի մի քանի անդամների, որոնք հրաժարվում են պատասխանել՝ արդյոք համարում են, որ Հայոց ցեղասպանությունը իրականում եղել է, բացառությամբ կոնգրեսական Էդի Բերնիս Ջոնսոնից (դեմոկրատ, Տեխաս), որը կադրում երեւում է ադրբեջանական էներգետիկ համաժողովում ելույթ ունենալիս, որտեղ նա պարծենում է. «Ես Ադրբեջանի աջակցության [կոնգրեսական] խմբի անդամ եմ, խանդավառ եւ աջակցող անդամ...»:

Այնուհետեւ վավերագրողները տեսախցիկի առաջ դիմում են կոնգրեսական Ջոնսոնին. «Դուք ժխտո՞ւմ եք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել», նա անամոթաբար պատասխանում է. «Այո, ես ժխտում եմ»... Կոնգրեսի գործող անդամի համար խոշոր սկանդալ է նման կատեգորիկ ձեւով ժխտելը, որը հազվադեպ է լինում Կոնգրեսի անդամների կողմից: Ամերիկայի ամբողջ հայ համայնքը եւ նրանց բարեկամները հաջորդ ընտրություններում պետք է աջակցեն այս կոնգրեսական տիկնոջ հակառակորդին, իսկ նրա շրջանի ընտրողները պետք է քվեարկեն Կոնգրեսից նրա հեռացման համար: Եթե այս ստոր ժխտողներից որեւէ մեկը հեռացվի իր պաշտոնից, Կոնգրեսի մյուս անդամներն ավելի  զգույշ կլինեն, որպեսզի չժխտեն Հայոց ցեղասպանությունը: Մենք նրա հեռացումը պետք է օրինակ դարձնենք մյուսների համար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0