Գլխավոր էջ | Արցախ | Զինադադարի խախտում 14.000 անգամ. Արցախի ՊԲ-ն ամփոփում է 2017թ-ը

Զինադադարի խախտում 14.000 անգամ. Արցախի ՊԲ-ն ամփոփում է 2017թ-ը

By
Զինադադարի խախտում 14.000 անգամ. Արցախի ՊԲ-ն ամփոփում է 2017թ-ը

2017 թվականին արցախա-ադրբեջանական սահմանագծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով «ՏՐՈՊԱ» տիպի ականազերծման հատուկ տեխնիկա, նռնականետեր ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել է հարձակման:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նաև շնորհիվ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս ելման դիրքեր: Հայ դիրքապահների գրագետ ու կազմակերպված գործողությունների արդյունքում նահանջող հակառակորդը չեզոք գոտում թողել է 5 դիակ, որից հետո պաշտոնական Բաքուն հարկադրված դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ խնդրելով միջնորդել իր դիակների՝ չեզոք գոտուց տարհանելու աշխատանքները կազմակերպելու համար:

2017թ. երկրորդ կիսամյակում, բացառությամբ հուլիս ամսվա և հոկտեմբերի 23-ի ու 24-ի, երբ ադրբեջանական զինուժը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է Դ-30 հաուբից և Դ-44 հրանոթներ, ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր և «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, իրադրությունն առաջնագծում եղել է հարաբերական հանգիստ, իսկ հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 180.000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռներ (5 արկ), 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից և 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներ (262 արկ), ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (17 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1042 արկ) ու տարբեր տիպի նռնականետեր (571 արկ):

2017թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով, պատվով կատարել իրենց առջև դրված գլխավոր մարտական խնդիրը, այն է՝ ապահովել Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը:

ՊԲ-ն նաև հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ Ամանորի կապակցությամբ:

«Հարգելի հայրենակիցներ

ՊԲ-ի սիրելի զինծառայողներ,

Անցնող տարին մեկ անգամ ևս հնարավորություն է ընձեռում վերագնահատել 2017-ի ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները և ըստ այդմ կատարել համապատասխան հետևություններ: Արձանագրված հաջողությունների շարքում, թերևս, ամենակարևորը մեր 26-ամյա հանրապետության անկախության և պետականության ամրապնդման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքն էր, և դրան զուգահեռ, նրա զինված ուժերի կատարելագործումը: Հանգամանք, որը պայմանավորված է առաջին հերթին մեր ժողովրդի և բանակի անխախտ միասնությամբ:

Այսօր բանակի յուրաքանչյուր զինվոր և սպա լավ է հասկանում իր առաքելությունը: Գիտակցում է, որ իրեն է վստահված Հայրենիքի՝ արյամբ գծված սահմանների պաշտպանությունը: Այս տարվա փետրվարի 24-ին և 25-ին լարվածության աստիճանը առաջնագծում կրկին բարձր էր և հնարավոր էր, որ տեղային նշանակության գործողությունները վերածվեին լայնամասշտաբ պատերազմի, սակայն հայ զինվորի աչալրջության ու խիզախության շնորհիվ հերթական անգամ կարողացանք ձախողել հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակները, ու ևս մեկ անգամ փաստեցինք, որ մեզ հետ անհնար և անիմաստ է խոսել ուժի դիրքերից:

Սակայն հաջողություններն ու ձեռքբերումներն ինքնահանգստացման առիթ չեն ստեղծում: Ապավինելով համայն աշխարհի հայության ներուժին, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակները ուղեկցեն մեզ նաև այսուհետ:

Ավարտելով խոսքս, թույլ տվեք բանակի հրամանատարության և անձամբ իմ անունից հավաստիացնել, որ հանրապետության զինված ուժերը մշտապես պատրաստ են իրականացնելու մեր ժողովրդի անվտանգության ապահովման պատվավոր առաքելությունը և, միաժամանակ, շնորհավորել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ու ողջ հայությանը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող յուրաքանչյուրիս համար 2018 թվականը լինի համազգային իղձերի և նպատակների իրագործման տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասվում է ուղերձում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0