Գլխավոր էջ | Արցախ | Հանրաքվեն անկախության հասնելու ոչ արդյունավետ տարբերակ է, ԼՂ-ն ինքնուրույնություն կարող է ձեռք բերել ազգի միասնականությամբ և պայքարով. Արա Մարջանյան

Հանրաքվեն անկախության հասնելու ոչ արդյունավետ տարբերակ է, ԼՂ-ն ինքնուրույնություն կարող է ձեռք բերել ազգի միասնականությամբ և պայքարով. Արա Մարջանյան

By
Հանրաքվեն անկախության հասնելու ոչ արդյունավետ տարբերակ է, ԼՂ-ն ինքնուրույնություն կարող է ձեռք բերել ազգի միասնականությամբ և պայքարով. Արա Մարջանյան

«Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանի համոզմամբ՝  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարելի է համեմատել աշխարհում հիմա եղած այլ հակամարտությունների հետ, եթե մենք պատրաստ ենք տեսնել թե՛ դրանց նմանությունները, թե՛ վճռորոշ և էական տարբերությունները:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց. «Մենք հիմա ապրում ենք մի ունիկալ ժամանակաշրջանում, երբ աշխարհում հանրաքվեով անկախանալու, ինքնուրույնության և ստատուս քվոն պահպանելու միտումները թվով հավասար են: Եվ, ընդհանրապես, հանրաքվեով անկախություն ձեռք բերելը համեմատաբար նոր երևույթ է, և համեմատաբար ոչ արդյունավետ. անկախություն ժողովուրդները ձեռք են բերում պայքարի միջոցով կամ կայսերական համակարգերի փլուզմամբ, գաղութատիրական համակարգի փլուզմամբ և ազգային ազատագրական պայքարի շնորհիվ»:

Արա Մարջանյանը նշեց, որ, օրինակ, ՄԱԿ-ի 194 անդամ երկրներից միայն 41-ն է, որ իր անկախությունը հենում է հանրաքվեի վրա: Արցախի պարագայում, նրա խոսքով, իրադրությունը մի փոքր ավելի բարդ է:

«Ինչու՞ չի կարելի Արցախը համեմատել, օրինակ՝ Կատալոնիայի  հետ: Խորհրդային տարիներին Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում հղի էր ֆիզիկական ոչնչացման վտանգով: Մինչև 1988 թվականի սկզբները Ադրբեջանը բռնի ասիմիլյացիայի քաղաքականություն էր վարում՝ էթնոցիդ՝ այլ էթնոսի ոչնչացում: Այս տեսանկյունից՝ ԼՂ հիմնախնդիրը համեմատել Կատալոնիայի կամ նույնիսկ Իրաքյան Քրդստանի հիմնախնդիրների հետ, իրավասու չենք»,- ասաց նա:

Փորձագետը նաև նկատեց, որ ի տարբերություն քրդերի, հայ ժողովրդի միասնականությունը կարգ (հազար) անգամ ավելի էր, քան քրդական ժողովրդինը: Բացի դրանից`Արա Մարջանյանի խոսքով`  Արցախի պարագայում անկախության և ինքնուրույնության գործընթացը իրավաբանական, միջազգային իրավունքի տեսանկյունից, տեղի ունեցավ անթերի, ինչը չի կարելի ասել կատալոնական կամ քրդերի անկախացման հանրաքվեի մասին:

Արա Մարջանյանը անիմաստ համարեց նաև ԼՂ-ի ճանաչումը տարբեր երկրների քաղաքների կամ ԱՄՆ նահանգների մակարդակով: Նա նկատեց, որ նմանատիպ գործընթացները հիմնականում սնվում են ստրուկտուրաների ինքնագոյությունը պահպանելու պահանջից, քան անհրաժեշտությունից ելնելով են արվում:

ԼՂ հիմնախնդրի լուծման, Արցախի անկախության համար, ըստ Արա Մարջանյանի, նախ պետք է գնալ դեպի պատմության խորքեր և սովորել միակ ֆունդամենտալ դասը։

«Ազգը ինքնուրույնություն և անկախություն ձեռք է բերում միայն միասնականությամբ և պայքարով: Այլ ձևերը, ինչպես, օրինակ, ռեֆերենդումը, նոր են, ինչ-որ պարագայում կարող են լինել արդյունավետ, ինչ-որ պարագայում կարող են արդյունավետ չլինել:

Պետք է պայքարել բոլոր հարթակներում՝ ռազմի դաշտից մինչև ՄԱԿ-ի բոլոր հարթակներ,- ասաց նա՝ նշելով, որ օրինակ հայկական դիվանագիտությունը խոշորագույն պարտություն կրեց ժամանակին ՄԱԿ-ում,- Հայաստանի մուտքը ՄԱԿ պետք է արվել շատ ավելի խոհեմ, շատ ավելի ճշգրիտ ձևով: Խոսքս ՄԱԿ-ի կողմից Հայաստանի սահմանները ճանաչելու մասին է: Արցախյան հիմնախնդրի լուծումն անցավ մի շարք փուլերով և միայն ավարտական փուլում ներկայացվեց ազգերի ինքնորոշման իրավունքը: Անձամբ իմ կարծիքով՝ դա մեծագույն սխալ էր, ինչը մենք տեսնում ենք: Իրականում գաղութատիրական համակարգի փլուզում էր, և միայն այդ դեպքում միջազգային իրավունքն անվերապահ ճանաչում է գաղութային համակարգի փլուզմամբ ինքնորոշված, անկախացած միավորին»։

Արա Մարջանյանի խոսքով՝ ԼՂ կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու համար մենք պետք է կենտրոնանանք մեր երկրի տնտեսական համակարգի ամրապնդման վրա: «Ես Հայաստան ասելով՝ նկատի ունեմ Արցախը, որովհետև սկսած 1988 թվականից հայկական մենթալիտետը չի ճանաչում և չպետք է ճանաչի Արցախը՝ Հայաստանից առանձին: Հուսով ենք, որ աշխարհն էլ կգա այդ տեսակետին»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0