Գլխավոր էջ | Արցախ | Անձեռակերտ ու ձեռակերտ հրաշալիքների ներդաշնակություն. արցախյան զբոսաշրջության գրավչությունը

Անձեռակերտ ու ձեռակերտ հրաշալիքների ներդաշնակություն. արցախյան զբոսաշրջության գրավչությունը

By
Անձեռակերտ ու ձեռակերտ հրաշալիքների ներդաշնակություն. արցախյան զբոսաշրջության գրավչությունը

Բնության անձեռակերտ հրաշալիքներով հետաքրքրվող զբոսաշրջիկը եթե չայցելի Արցախ, շատ բան կկորցնի։ Հունոտի կիրճում միայն կտեսնես բնության գլուխգործոց «զոնտիկները», որոնց վրա իջնում է լեռներից թափվող սառնորակ ջրվեժը։  Ոչ պակաս շշմեցնող է կիրճ տանող ծառախիտ կածանը, որի կեսն անցնելուց հետո կարող ես վայելել արցախցու ձեռամբ հենց տեղում սարերի խոտաբույսերով պատրաստվող համեղ թեյը։ Մամռապատ «զոնտիկների» վերեւում է գտնվում Ջդրդուզը։ Սա բարձրադիր ժայռերի կատարն է, որտեղից աչքիդ առջեւ փռվում է 1000 մ խորությամբ կիրճն ամբողջ գեղեցկությամբ։

Հունոտն ու Ջդրդուզը Արցախի գեղեցկուհի Շուշի քաղաքի մոտակայքում են գտնվում։ Ասում են՝ Շուշին Արցախի հոգին է։ Զբոսաշրջիկն էլ կհամոզվի, եթե քաղաքը ծայրից ծայր ոտքով անցնի։ Այն եղել է Արցախի մշակութային, կրթական ու քաղաքական կարեւոր օրրանը, հիմա էլ անուշադրության մատնված չէ։ Կառավարության կողմից հայտարարված է ճարտարապետական արգելոց։ Հնագիտական պեղումների միջոցով այստեղ գտել են նույնիսկ հելլենիզմի և վաղ միջնադարի ժամանակաշրջաններին պատկանող մշակույթի նմուշներ:  Շուշիի երկրաբանության, կերպարվեստի եւ պատմության թանգարանները վկայում են այն մասին, որ մշակութային կյանքն այստեղ ակտիվանում է։ Եվ, չմոռանանք ամենակարեւորը, որ հենց Շուշիի սրտում է վեր հառնում արցախցիների պարծանք, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Այն համարվում է Արցախի հոգեւոր խոշոր կառույցներից մեկը։

Արցախը հարուստ է պատմական վայրերով, բազմադարյա եկեղեցիներով, վանական համալիրներով։ Մայրաքաղաք Ստեփանակերտից մեկուկես ժամվա ճանապարհ է մինչեւ Գանձասարի վանական համալիր։ Այն իր անունը ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։13–րդ դարում կառուցված եկեղեցին ճարտարապետական լուծումների, արտակարգ գրավիչ տեսքի շնորհիվ բացառիկ տեղ է գրավում հայ միջնադարյան ճարտարապետության հուշարձանների շարքում։ Գանձասարին առանձնահատուկ գրավչություն է հաղորդում տեղանքը, վանական համալիրից աչքիդ առջեւ բացվող    բնապատկերն իր գեղեցկությամբ ուղղակի խենթացնում է։

Արցախի հնագույն վանական համալիրներից  է Դադիվանքը, որը պարուրված է անտառապատ բարձրադիր լեռներով։  Արցախ այցելած զբոսաշրջիկն անձամբ կհամոզվի, որ այն մարդու եւ բնության ձեռքի ներդաշնակության գլուխգործոցն է։  Ավանդության համաձայն՝ Թարթառ գետի ափին գտնվող Դադիվանքը կառուցվել է դեռևս 1-ին դարում Սուրբ Դադեի գերեզմանի տարածքում։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1214 թվականին: Եկեղեցին զարդարված է քանդակներով և որմնանկարներով: Այստեղ եւս պատմության, հոգեւոր ուժի ու բնության համադրությունը կթվա անկրկնելի։

Չմոռանանք Արցախի ազգային ուտեստի՝ ժինգյալով հացի եւ թթի օղու մասին։  Արցախում լինել ու չհամտեսել հատկապես ժինգյալով հացը, նշանակում է չզգալ արցախյան համն ու հոտը։  Այն պատրաստվում է Արցախում աճող 14 տեսակի խոտաբույսերով։ Յուրահատուկ համով ու թեթեւությամբ ախորժելի է բոլորի քիմքին։ Ստեփանակերտի շուկայում աչքիդ առջեւ պատրաստում են ժինգյալով հացը: Կարող ես այն վերցնել ու անտառածածկ, ժայռապատ ոլորաններով շարունակել ճանապարհը դեպի չքնաղ տեսարժան վայրեր: Ձեռակերտ եւ բնության անձեռակերտ հրաշալիքների ներդաշնակություն, կուսական բնություն, զով եղանակ, մաքուր օդ, էկոլոգիապես մաքուր սնունդ. ահա այն ամենը, ինչ կգտնես կանաչ Արցախում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

3.00