Գլխավոր էջ | Արցախ | Ալիևը պետք է պատասխանատվություն կրի ապրիլյան հանցագործությունների համար. Դավիթ Բաբայան

Ալիևը պետք է պատասխանատվություն կրի ապրիլյան հանցագործությունների համար. Դավիթ Բաբայան

By

2016թ. ապրիլին ադրբեջանական զինուժի կատարած հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների և զինվորականների նկատմամբ, մարդկանց խոշտանգումները եղել են պատվեր պետության կողմից, հետևաբար այդ հանցագործությունների համար պիտի պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն իրականացնողները, այլև հանցագործություն պատվիրողները, առաջին հերթին՝ դահիճներին պարգևատրող Իլհամ Ալիևը, բայց եթե գործը հասնի պատժամիջոցների կիրառմանը, ապա դա արդեն դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասություններից: Այդ պարագայում հարցը պիտի քննարկեն միջազգային այլ ատյաններ, օրինակ՝ ՄԱԿ-ը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) նշված դեպքերի առնչությամբ ներկայացված դատական հայցերի մասին:

«Եթե այդ դահիճներին Իլհամ Ալիևն է պարգևատրել, ապա հասկանալի է, որ ինքն էլ պետք է պատասխանատվություն կրի: Սա արդեն միջազգային հանրության, միջազգային իրավունքի խնդիր է, որը դուրս է Մինսկի խմբի լիազորություններից: Մինսկի խումբը պետք է կարգավորի հակամարտությունը, իսկ այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, ոչ միայն հանցագործություն հայերի, Արցախի կամ Հայաստանի դեմ:

Ընդհանրապես այս հայցերը շատ կարևոր են, և մենք չպետք է սահմանափակվենք նրանով, թե ինչ ազդեցություն կունենան այս գործերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Իհարկե, առաջինը դա է, որ ներկայացնենք Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունները, հանցագործությունները, տարեց մարդկանց, զինվորների խոշտանգումները: Սա նաև կարևոր է միջազգային հանրության համար, որպեսզի նման հանցագործություններ տեղի չունենան աշխարհի այլ երկրներում:

Ադրբեջանի պարագայում խնդիրներ են լինելու, որովհետև այդ պետությունը ինքնին ահաբեկչական է՝ սկսած ղեկավարից մինչև վերջին դահիճը, որը կատարում էր այդ հանցագործությունները: Այդ վայրագությունները եղել են պատվեր պետության կողմից: Սա նաև հակահայկական, ֆաշիստական քաղաքականության սերմացման հետևանքն է, որի անմիջական պատասխանատուն Իլհամ Ալիևն է»,- հայտարարեց արցախցի պաշտոնյան:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ դժվար է, իհարկե, մտածել, թե ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ սկսված իրավական գործընթացի շնորհիվ Բաքուն կհրաժարվի իր հակահայկական քաղաքականությունից, բայց միանշանակ դատական հայցերը կարող են ազդեցություն գործել. «Պետք է այնպես անել, որ բոլոր նման հանցագործությունները դատապարտվեն, հանցագործները պատիժ կրեն: Միայն այդ դեպքում կարող է ունենալ ազդեցություն, և մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ: Սա մեզ համար ինքնանպատակ չէ, սա կարևոր ուղղություն է»:

Մեր հարցին՝ ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռները ապրիլյան հանցագործությունների կապակցությամբ իրավական և քաղաքական ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Ադրբեջանի համար, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ այստեղ շատ կարևոր են հարցի ոչ միայն իրավական և բարոյական կողմերը, այլև քաղաքական բաղադրամասը: Այստեղ կան կոռուպցիոն խնդիրներ: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացնում Ադրբեջանը՝ կաշառելով պաշտոնյաների միջազգային տարբեր կառույցներում: Բայց եթե ամեն ինչ դյուրին ընթացավ, նույն Ալիևը պետք է պատասխանատվություն կրի, այդ հանցագործները պետք է պատասխանատվություն կրեն, ոչ թե Սաֆարովի պես փող տան Հունգարիային, բերեն Ադրբեջան և հերոսացնեն»:

Հայ իրավապաշտպաններն ու փաստաբանները նախորդ շաբաթ տեղեկացրել էին, որ ապրիլյան դեպքերի գործերով հայկական կողմից 359 հայց է ներկայացվել Եվրոպական դատարան: 23 գործ արդեն ընդունվել է վարույթ ՄԻԵԴ-ի կողմից: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին խոսել է նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ ասելով, որ «մենք արդեն մտել ենք Ղարաբաղի հարցի իրավական քննարկման դաշտ», և ժամանակն է քննելու Արցախի ինքնորոշված լինելու փաստարկը իրավական հարթության մեջ:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0