Գլխավոր էջ | Հայաստան | Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին

By
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

 Միտրոպոլիտ Պավելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եւ, առաջիկա օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, կծանոթանա Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաեւ կայցելի տարբեր վանքեր ու պատմական վայրեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը:

Ուրախություն հայտնելով Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Պավելի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծել է, որ այն ոչ միայն անձնական բարեկամական ու ջերմ կապերի վերահաստատումն է, այլեւ միտված է նպաստելու Եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների եւ գործակցության առավել զորացմանը: Նորին Սրբությունը վերհիշել է Մոսկվայի հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում միտրոպոլիտի եւ իր ուսումնառության տարիները, անցած հոգեւոր ծառայության ուղին:

Վեհափառ Հայրապետը կարեւորել է նման այցելությունները` անդրադառնալով նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ունեցած պարբերական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցիների առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները:

Իր հերթին Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Պավել միտրոպոլիտը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հաստատել է, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում է այցելել Հայաստան: Միտրոպոլիտը նաեւ նշել է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու անցած դժվարին ու հերոսական պատմական ուղուն եւ իր ծառայության տարբեր վայրերում մշտապես առնչվել է Հայոց Եկեղեցու կառույցների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբազնությունը Հայոց Հովվապետին ներկայացրել է նաեւ Բելառուսում Ուղղափառ Եկեղեցու գործունեությունն ու հոգեւոր կյանքի ներկայիս կացությունը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւս անդրադարձ է կատարել Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայոց Եկեղեցու ջանքերին եկեղեցական կառույցների վերականգնման, հոգեւորականների պատրաստության եւ եկեղեցաշինության ոլորտներում: Մասնավորապես խոսվել է Միածնաէջ Մայր տաՃարի ամրակայման եւ վերանորոգության աշխատանքների մասին:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը հոգեւոր եղբորը մաղթել է արեւշատ կյանքի երկար օրեր եւ արդյունավետ գործունեություն ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու եւ ի մխիթարություն Բելառուսի հավատավոր ժողովրդի:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0