Գլխավոր էջ | Հայաստան | «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» 2018 թ. բուժում է ստացել մոտ 400 շահառու

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» 2018 թ. բուժում է ստացել մոտ 400 շահառու

By
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» 2018 թ. բուժում է ստացել մոտ 400 շահառու

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» 2018 թ. հունվարի 29-ից մինչ այժմ մոտ 400 զինհաշմանդամ շահառու է ընդունել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը` հավելելով, որ իրենց համար կապ չունի, թե անձը ինչ հանգամանքներում է  վիրավորվել, եթե ունի վերականգնողական բուժման կարիք, դառնում է իրենց շահառուն:

«Անկախ նրանից, թե զինծառայողը ցրտահարության հետևանքով է ոտքը կորցրել, դիվերսիայի  ժամանակ է վիրավորվել, դժբախտ պատահարի հետևանքով է եղել դեպքը, միևնույն է, մեր շահառուն է: Փորձում ենք ամեն ինչ անել, որ ամեն ոք, ով գնում է բանակ և ձեռք է բերում առողջական խնդիր, ամեն կերպ կանգնել նրա կողքին: Բազմաթիվ զինվորներ ոտքի են կանգնել, 4-5 տղա ունեինք, հույս չկար, որ ոտքի կկանգնեին, սակայն իրենք էլ ոտքի կանգնեցին»,-մանրամասնեց նա:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» իրենց շահառուների կամքի ուժի մասին  հպարտությամբ են խոսում, ասում են՝ իրենց տրամադրվածությամբ աջակցում են մասնագետներին:

Կենտրոնում այս օրերին շահառուների հետ ստեղծել են տոնական միջավայր, վերականգնողական բուժում ստացող տղաները հյուրերին միանգամից ուղեկցում են «Պատվո սենյակ» ու պատմում` տոնածառի զարդարման աշխատանքներին իրենք էլ են մասնակցել, ամեն ինչ արել են, որ կենտրոնում Նոր տարվա շունչ լինի, ակնկալում են, որ 2019 թվականը հաջողությունների տարի  կլինի:

Tert.am-ի հետ զրույցում կենտրոնի շահառուներից Հարութը, Վահեն, Շիրազը նշեցին, որ 2019-ի  ընթացքում ևս շարունակելու են ջանասիրաբար առողջության վերականգման համար պայքարել, նույնը հորդորում են բոլոր նրանց, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հայտնվել են այդպիսի իրավիճակում:

Տղաների խոսքով՝ ամենակարևորը հասարակությունից չմեկուսանալը, նպատակներ  դնելն ու դրանց հասնելն է:

Նրանք կարծում են, որ եթե խաղաղություն լինի, սահմանին լարվածության չլինի, մնացած բոլոր հարցերը հնարավոր է արագ լուծել, հուսով են՝ հասարակությունը միահամուռ կկանգնի զինվորի թիկունքին։

Անի Գևորգյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0