Գլխավոր էջ | Հայաստան | Իշխող կոալիցիայում լուրջ պայքար է գնում, վերադասավորումներ են լինելու, որը ավելի շատ կապված է 2022 թ.-ի հետ. Կարեն Քոչարյան

Իշխող կոալիցիայում լուրջ պայքար է գնում, վերադասավորումներ են լինելու, որը ավելի շատ կապված է 2022 թ.-ի հետ. Կարեն Քոչարյան

By
Իշխող կոալիցիայում լուրջ պայքար է գնում, վերադասավորումներ են լինելու, որը ավելի շատ կապված է 2022 թ.-ի հետ. Կարեն Քոչարյան

Եվ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ՀՀ 4-րդ նախագահի հավանական թեկնածուներ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նոր սահմանադրության՝ ապագա նախագահի լիազորությունները բավականին կրճատվելու են, և նա շատ ավելի թույլ քաղաքական ֆիգուր է լինելու, քան այսօրվա նախագահը: Այնուամենայնիվ, Կարեն Քոչարյանի կարծիքով՝ ապագա նախագահը պետք է համապատասխանի մի քանի չափանիշների: Առաջին հերթին նոր նախագահը պետք է տեղյակ լինի Ղարաբաղյան հակամարտության բանակցություններից: Երկրորդ՝ լինի քաղաքական ֆիգուր, որքան էլ սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահն անկուսակցական պետք է լինի:

«Օրինակ` Էդվարդ Նալբանդյանը քաղաքական է, թեև անկուսակցական է: Կամ Արկադի Ղուկասյանը, որը լրիվ ուղնուծուծով տեղյակ է Արցախյան հիմնախնդրի գործընթացներից: Նախագահի գործառույթների մեջ ինչ-որ բաներ մտնելու է, այնպես չէ, որ նա լրիվ անգլիական թագուհի է, ինչպես մտածում են շատերը: Նոր նախագահը, կարծում եմ՝ այս չափանիշներին պետք է համապատասխանի»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգը բացառում է ընդդիմադիր նախագահի հարցը, քանի որ ԱԺ «Ելք» խմբակցությունը միայնակ չի կարող անգամ թեկնածություն առաջադրել, իսկ «Ծառուկյան» դաշինքը հայտարարել է, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու:

Նախագահի թեկնածուի մասին հայտարարել է միայն ԱԺ «Ելք» խմբակցությունը, սակայն, որպեսզի «Ելքի» թեկնածու Արտակ Զեյնալյանը նախագահի թեկնածու առաջադրվի, անհրաժեշտ է խորհրդարանի առնվազն մեկ քառորդի՝ 27 պատգամավորի ստորագրություն:

Ըստ նրա՝ ընդդիմության համար և՛ նախագահի, և՛ վարչապետի հարցը քաղաքականապես լուծված էր դեռևս 2017 թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Քոչարյանը կարծում է, որ 2018 թ.–ի ապրիլին քաղաքական գործընթացներ են սպասվում հենց քաղաքական մեծամասնության համար:

«Այլ քաղաքական ուժերն այս պահին անելիք չունեն, կողքից ընդամենը դիտորդի կարգավիճակում պետք է նայեն, ինչպես ՀՀ մնացած բոլոր քաղաքացիները: Իշխող կոալիցիայի համար այդպես չէ, այստեղ լուրջ պայքար է գնում: Կարծում եմ՝ լուրջ վերադասավորումներ են լինելու, որը ավելի շատ կապված է լինելու ոչ թե այսօրվա, այլ 2022 թ.-ի հետ: Այսինքն, պրոցես է սկսելու, որը իր տրամաբանական ավարտին պետք է հասնի 2022 թ.-ին: Իշխանության համար, այո՛, այդ մեկնարկը տրվել է ապրիլի 2-ին, բայց ներիշխանական վերադասավորումների առումով մեկնարկը կլինի ապրիլի 9-ից հետո»,- նկատեց նա:

Անդրադառնալով Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը և այդ ընթացքում Նախագահի կողմից ԱԺ-ի հասցեին գովեստի խոսքեր հնչեցնելուն, Կարեն Քոչարյանը նշեց, որ դա դեռևս չի նշանակում, որ 2018 թ. ապրիլից հետո ԱԺ–ում նույն կազմն է մնալու:

«Գովում են մի քանի պարագայում: Երբ ինչ-որ տեղ ճանապարհ են դնում` դա էլ է միշտ գովելով, մեդալ տալով ուղեկցվում: Չեմ ասում, որ, անպայման, թոշակի պետք է ուղարկեն, բայց ուղարկում են ինչ-որ տեղ»,- ասաց քաղտեխնոլոգը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել էր. «Ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային Ժողովը ճիշտ ճանապարհին է»: Նախագահի այս խոսքից հետո մամուլում սկսել էին ենթադրություններ անել, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0