Գլխավոր էջ | Հայաստան | Աղետի գոտի Հայաստան

Աղետի գոտի Հայաստան

By
Աղետի գոտի Հայաստան

Այսօր լրանում է Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը: 29 տարի առաջ դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսը վերածվեց աղետի գոտու, երկրաշարժը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, տասնյակ հազարները ենթարկվեցին ֆիզիկական և հոգեբանական տրավմաների, որոնց մի մասը առ այսօր վերականգնված չէ: Հազարավոր մարդկանց համար երկրաշարժի հետևանքները և հոգեբանական, և ֆիզիկական առումով շարունակվում են առ այսօր, մարդիկ չունեն տուն, չունեն աշխատանք, չունեն իրենց հանդեպ պետական հոգածություն:

Աղետի գոտին 29 տարվա ընթացքում Հայաստանի համար վերածվեց առեղծվածների գոտու, որի կապակցությամբ հայտարարվեց աղետի գոտուց զարգացման գոտու անցնելու մասին, սակայն իրավիճակը շարունակեց մնալ նույնը: Աղետի գոտում ներդրվեցին միլիոնավոր դոլարներ և պետական, և այլ աղբյուրներից, եղան միլիոնավոր դոլարների բարեգործություններ, սակայն առ այսօր կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք ապրում են ժամանակավոր անմխիթար կացարաններում, առ այսօր Հայաստանի հյուսիսում ծայրահեղ սուր է սոցիալական խնդիրը, և հյուսիսը այսօր հանդիսանում է արտագաղթի, այսպես ասած, օջախը, երկրաշարժի էպիկենտրոնը այսօր վերածվել է արտագաղթի էպիկենտրոնի:

Խորհրդային իշխանությունը 1988-ին հայտարարում էր, Գորբաչովի շուրթերով, որ երկու տարվա ընթացքում աղետի գոտին վերականգնվելու է: Այս արտահայտությունը հայ ժողովրդի հանդեպ ցինիզմից բացի, որևէ այլ բան չէր պարունակում: Սակայն, եթե Գորբաչովի դեպքում գործ ունեինք նրան բնորոշ ցինիզմի հետ, ապա անհասկանալի է, թե ինչի հետ գործ ունենք մինչև այսօր, երբ տեսնում ենք անօթևան հարյուրավոր ընտանիքների, որոնք ապրում են ուղղակի անմարդկային պայմաններում: Եվ սա այն դեպքում, երբ Երևանում պետական չինովնիկներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներից յուրաքանչյուրի գնով հնարավոր է գնել առնվազն մեկական բնակարան:

Ասել, որ այս ընթացքում ոչինչ չի փոխվել Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, գյուղերում, սխալ կլինի: Սակայն ինչ-որ բան ժամանակի ընթացքում, ի վերջո, փոխվում է ինքն իրեն էլ և կարելի է միշտ էլ համեմատության մեջ առաջընթացի համար մի քար, մի սանտիմետր գտնել: Սակայն աղետից 29 տարի անց չի փոխվել ամենակարևորը՝ մթնոլորտը, որը հասարակությանը հավատ և լավատեսություն կներշնչեր ապագայի հանդեպ, որը մարդկանց շոշափելի հույս կտար, որ ապագան իսկապես զարգացմանն է, որ իսկապես այլևս հաղթահարել են աղետի հետևանքները և նայում են առաջ:

29 տարի անց զոհերի հիշատակի հետ մեկտեղ, այդ մթնոլորտն է ամենացավալին: Սակայն, միևնույն ժամանակ, աղետի գոտու բնակիչների այդ ֆիզիկական և հոգեբանական ծանր կացության, իսկ տեղ-տեղ ուղղակի տառապանքի ֆոնին, այնուհանդերձ, նաև ակնհայտ է նրանց տոկունությունը, նրանց արիությունը, նրանց արժանապատվությունը: Սրանք են պահել նրանց աղետից հետո քառորդ դար ու հաստատապես պահելու են դարեր: Այդ մարդիկ իրենք կկռեն իրենց ապագան, դանդաղ, ծանր, պայքարելով օբյեկտիվ ու հսկայական սուբյեկտիվ դժվարությունների դեմ, սակայն կկռեն իրենց ապագան:

Իսկ բոլորիս մնում է միայն աղոթել, որ թե այդ մարդիկ, և թե ամբողջ Հայաստանն ու Արցախը, Աստծո կամոք, այլևս զերծ մնան ավերիչ աղետներից: Թող վառ լինի անմեղ զոհերի հիշատակը, և թող մեզ բոլորիս պահապան լինի Աստված:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0