Գլխավոր էջ | Հայաստան | Տեղական ինքնակառավարում

Տեղական ինքնակառավարում

By
Տեղական ինքնակառավարում

Տեղական ինքնակառավարումը՝ որպես հանրային իշխանության իրացման եղանակ, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները՝ որպես հանրային իշխանության տեղական անկախ մարմիններ, առանցքային դեր են խաղում պետության կյանքում:

Տեղական ինքնակառավարման դերը պետության կյանքում առավել ցայտուն է երևում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով տրված սահմանումով: Ըստ այդմ՝ «տեղական ինքնակառավարում» նշանակում է տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը և կարողությունը` կանոնակարգելու և կառավարելու պետական գործերի զգալի մասը (օրենքի շրջանակներում)՝ սեփական պատասխանատվությամբ և տեղական բնակչության շահերից ելնելով: Տեղական ինքնակառավարման նման կարևորությունից ելնելով էլ դրա հիմունքներն ամրագրվել են սահմանադրությամբ: Ինչպես նախորդ, այնպես էլ 2015 թ. բարեփոխված սահմանադրությունները բովանդակում են տեղական ինքնակառավարումը կարգավորող առանձին գլուխ: Նոր սահմանադրությամբ ավելի են հստակեցվել տեղական ինքնակառավարման մարմինների իրավական կարգավիճակը, ինքնակառավարվող-ժողովրդավարական բնույթը, հնարավորությունները:

Այսպես, տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: Ի տարբերություն նախորդ սահմանադրության, որի համաձայն՝ համայնքը իրավաբանական անձ էր, նոր սահամանդրությամբ համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է։ Փաստորեն, նոր սահմանադրությունը հայաստանյան իրավական համակարգ ներմուծեց իրավունքի սուբյեկտի նոր տեսակ` հանրային իրավունքի իրավաբանական անձ:

Նոր սահմանադրությամբ ավելի է հստակեցվել տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության կարգը, փոխվել է դրանց պաշտոնավարման ժամկետը` 4 տարուց դառնալով 5 տարի: Եթե նախորդ սահմանադրությամբ միայն Երևան քաղաքի (համայնք) քաղաքապետի համար էր նախատեսված և՛ ուղղակի և՛ անուղղակի ընտրության հնարավորություն, ապա նոր սահմանադրությամբ նման հնարավորություն է տրվել բոլոր համայնքներին (օրենքով նախատեսված կարգով):

Հստակեցվել են տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հսկողության և վերահսկողության հետ կապված հարցերը: Այսպես, եթե նախորդ սահմանադրությամբ սահմանված էր, որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացվում է իրավական հսկողություն, իսկ համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում էր օրենքով, ապա նոր սահմանադրության համաձայն՝ համայնքի խնդիրների իրականացման նկատմամբ կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն, իսկ պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0