Գլխավոր էջ | Հայաստան | ԵԱՏՄ անդամ ենք դարձել ոչ թե մեր սահմանների անվտանգության, այլ տնտեսական շահի համար. Միհրան Հակոբյան

ԵԱՏՄ անդամ ենք դարձել ոչ թե մեր սահմանների անվտանգության, այլ տնտեսական շահի համար. Միհրան Հակոբյան

By
ԵԱՏՄ անդամ ենք դարձել ոչ թե մեր սահմանների անվտանգության, այլ տնտեսական շահի համար. Միհրան Հակոբյան

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը ԵԱՏՄ համար օրակարգային խնդիր չէ:  Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Վերջինս նշեց, որ «Ելք»-ի առաջարկը՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից, հավանաբար քաղաքական տեսանկյունից ամենահարմար թեման է, որի հիման վրա իրենք կարող էին գործընթաց ծավալել:

- «Ելք»-ը խորհրդարան է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին նախագիծ, որտեղ ներկայացրել է անդամակցությունը կասեցնելու պատճառներ: Ձեզ համար դրանք հիմնավո՞ր են:

- Քաղաքական գործընթաց է: Ցանկացած երևույթի մասին նման քաղաքական հիմնավորումներ կարելի է տալ: Չեմ կարծում, թե այս հարցը ՀՀ համար օրակարգային խնդիր է: Հավանաբար, «Ելք»-ի մեր գործընկերների համար այս հարցը քաղաքական տեսանկյունից ամենահարմար թեման է, որի հիման վրա կարելի է գործընթաց ծավալել: Իրենց փոխարեն ես սա չէի անի, որովհետև փաստարկները շատ թույլ են, և եթե լիներ ԵԱՏՄ-ից դժգոհելու լուրջ պատճառ, ապա ՀՀ իշխանությունները, որոնք պատասխանատվություն են կրում երկրի ներքին ու արտաքին քաղաքականության համար, հենց առաջինը կբարձրացնեին այդ հարցը: ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի մասով խնդիր չկա, հակառակը՝ կա մեծ պոտենցիալ ինտեգրացիոն գործընթացներն էլ ավելի խորացնելու, մեր շահերն առաջ տանելու, արդյունք գրանցելու համար:

- Անվտանգության ապահովման, ամրապնդման ոլորտում Հայաստանի ունեցած ակնկալիքներն արդարացե՞լ են: «Ելք»-ի ներկայացուցիչներն ասում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք չստացանք աջակցություն ԵԱՏՄ-ից, մենք չենք ստանում աջակցություն, երբ հակառակորդը կրակում է Տավուշի ուղղությամբ:

- Ես նման մտորումները քաղաքական մանիպուլյացիաների շարքին եմ դասում:  Եվրասիական տնտեսական միության անունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ դա տնտեսական միավորում է, հետապնդվում են տնտեսական շահեր ու տնտեսական արդյունքներ:

Ինչ վերաբերում է անվտանգության բաղադրիչին, ապա ասեմ, որ այստեղ խոսքը կարող է լինել ՀԱՊԿ մասին, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղը: ՀԱՊԿ կանոնադրությունը, աշխատակարգերը պետք է կարդալ, որտեղ գրված է, որ օգնական ուժեր կարող են տրամադրվել այն ժամանակ, երբ ՀԱՊԿ անդամ-պետությունների դեմ ռազմական ագրեսիա է գործադրվում: Տավուշում հրետակոծության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ Հայաստանն իր բանակային ուժերի սահմաններում անգամ տագնապ չի հնչեցնում: Առաջնագծի ստորաբաժանումներն իրենց խնդիրը կատարում են, ու պետք էլ չի եղել ՀՀ ԶՈՒ այլ ստորաբաժանումների օգնությունը, ուստի Հայաստանը չի էլ դիմել ՀԱՊԿ-ին: Հայաստանը ԵԱՏՄ չի գնացել, որ իր անվտանգության բաղադրիչը բարձրացնի:

- Բայց ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ ԵԱՏՄ անդամակցությունը լուծում է Հայաստանի անվտանգության հարցերը:

- Անվտանգության բաղադրիչ ասելով պետք է հասկանանք հետևյալը. Հայաստանը չի կարող լինել տնտեսական մեկ այլ, իսկ անվտանգային մեկ ուրիշ հարթակում: Խոսքը գլոբալ անվտանգության բաղադրիչի մասին է: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ցածր գներով կարողանում է զենք ու զինամթերք գնել Ռուսաստանից, ակնկալել ՀԱՊԿ աջակցությունը, երբ ՀՀ սահմանների ուղղությամբ լինի ագրեսիա: ԵԱՏՄ անդամ մենք չենք դարձել, որ մեր սահմաններն ավելի անվտանգ լինեն, ոչ, մենք ԵԱՏՄ անդամ ենք դարձել տնտեսական շահի հետապնդման համար, որովհետև ինտեգրվել ենք կարևոր շուկաների, իսկ այն պետությունները, որոնք ՀԱՊԿ անդամ են, իրենց հետ սկսում ենք տնտեսական համագործակցություն: Սրանք միմյանց փոխլրացնող ոլորտներ են: Անվտանգություն ասվածը պետք չէ բառի բուն իմաստով հասկանալ:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0