Գլխավոր էջ | Հայաստան | Ինչով ու ինչպես աչքի ընկան խորհրդարանական ընտրությունները. հայացք կողքից

Ինչով ու ինչպես աչքի ընկան խորհրդարանական ընտրությունները. հայացք կողքից

By
Ինչով ու ինչպես աչքի ընկան խորհրդարանական ընտրությունները. հայացք կողքից

Չնայած մոտեցմանը, թե մեկի օրինակով բոլորի մասին կարծիք կազմել չի կարելի, սակայն հետընտրական այս փուլում թերևս կարելի է կարծիք կազմել Հայաստանի գյուղական համայնքների մեծամասնությունում տեղի ունեցած ընտրությունների մասին՝ դիտարկելով մի քանի օրինակներ: Քվեարկության արդյունքների նմանատիպությունը հուշում է, որ իրավիճակն ու գործընթացներն էլ նման են եղել:

Այսպիսով, ամփոփելով խորհրդարանական ընտրությունների օրը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի երեք ընտրատեղամասերում արձանագրածը և համադրելով այլ ընտրատեղամասերում աշխատող գործընկերներից ստացած տեղեկությունները, անցած ընտրությունների համար կարելի է մատնանշել մի քանի առանձնահատկություններ:

Հանձնաժողովի՝ կողմնակալ և ոչ բանիմաց անդամներ

Ճիշտ է, կան հանձնաժողովի թե անդամներ, թե նախագահներ, որոնք իրենց գործից քաջատեղյակ են և սկզբունքային՝ աշխատանքում, սակայն, ցավոք, առավել հաճախ հակառակ պատկերն էր հանդիպում: Որպես կանոն ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները բավարար չափով տեղյակ չէին ընտրական օրենսգրքին կամ գուցե ձևացնում էին, թե տեղյակ չէին: Այսպես, խմբով քվեախուց մտնելու դեպքերին չէին արձագանքում, իսկ լրագրողի կամ դիտորդի կողմից խախտումը մատնանշելու դեպքում պատճառաբանում էին՝ «Ի՞նչ կլինի, բարեկամներ են» կամ «Մի ընտանիք են»: Հանձնաժողովի անդամները զարմանքով էին նաև տեղեկանում, որ քվեախցում որևէ մեկին օգնող անձը պետք է գրանցվի, որ վստահված անձը չի կարող քվեախցում օգնել քաղաքացիներին և այլն:

Զոլաքարի երեք ընտրատեղամասերից երկուսի հանձնաժողովի նախագահներն, օրինակ՝ խախտումների բարձրաձայնումներին ի պատասխան հուսահատ ուսերը թափ տվեցին ու բացականչեցին. «Ի՞նչ կարող եմ անել»:

Նշենք նաև, որ հաճախ քվեաթերթիկներ հանձնող հանձնաժողովականը փորձում էր ուղղորդել ընտրողներին: Զոլաքարում, օրինակ, քվեաթերթիկների տրցակի վերևում, ծրարի հետ միասին, դնում էին 6-րդը՝ ՀՀԿ-ի քվեաթերթիկը, երբեմն էլ նշում՝ 6/6-ն է (8-րդ ընտրական տարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Հակոբ Հակոբյանը):

Ուշագրավ էր, որ ընտրատեղամասերում կարգ ու կանոն թելադրողը ոչ թե հանձնաժողովի նախագահն էր կամ անդամներից որևէ մեկը, այլ դիտորդի փաստաթուղթ կրող անձինք:

Ընտրատեղամասին «ասող» դիտորդները

Քաղաքական ուժերին ներկայացնող «դիտորդները» այս ընտրությունների առանձնահատկություններից էին: Այս խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել 49 տեղական կազմակերպություն: Դրանց թվում կան ՀԿ-ներ ու կազմակերպություններ, որոնց անունը քաղաքական կամ հասարակական գործընթացների հետ որևէ առնչություն չունի, բացի այդ, մինչ այս հայտնի էլ չեն եղել: Անհայտ կազմակերպությունների ներկայացուցիչ դիտորդները երբեմն խոստովանում էին, որ այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը և շահերի պաշտպանն են ընտրատեղամասում: Իսկ, ահա, ընտրատեղամասում հրամաններ արձակող, իրենց ցանկալի կարգերը թելադրող դիտորդներն իրենց փաստաթղթերը խնամքով թաքցնում էին՝ հաճախ պատճառաբանելով, թե գրպանում են պահում, քանի որ հագուստի վրա ամրացնելու պարագա չունեն կամ իրենց ինքնությունը գաղտնիք է: Նման վարք էին դրսևորում, օրինակ, «Շահեն» կազմակերպության դիտորդները: Ի դեպ, այս կազմակերպությունը նախկինում էլ մի շարք ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել:

Զոմբիացած քաղաքացիներ

Երրորդ առանձնահատկությունը հասարակական-քաղաքական կյանքի հանդեպ անտարբեր քաղաքացիների ակտիվությունն էր: Չնայած վատ եղանակին, ընտրատեղամասերը լեցուն էին ընտրողներով: Հարազատները, թևերից բռնած, հրելով ու քաշելով ընտրատեղամաս էին բերում ձեռնափայտով հազիվ տեղաշարժվող տարեցներին: Երբ փորձում էիր հարցուփորձ անել նրանց, որևէ հարցի հստակ պատասխանել չէին կարողանում: Միայն անդադար կրկնում էին. «Միշտ էլ մասնակցում եմ ընտրություններին»: Քվեարկության իրենց հերթին սպասող մարդկանց դատարկ ու անտարբեր հայացքները հուշում էին, որ իրենց համար միևնույնն է, թե ով կընտրվի ու ինչպես, իրենք որևէ մեկի փողով կամ խնդրանքով եկել են «պտիչկա» դնելու և վերջ, էլ ի՞նչ ընտրություն, ի՞նչ կամարտահայտություն: Զարգացած երկրներում, թերևս, նման անտարբեր մարդիկ ընտրություններին մասնակցելու մոտիվացիա չեն ունենում, մինչդեռ Հայաստանի պարագայում ընտրակաշառքը հրաշքներ է գործում:

Իրավազուրկ կանայք

Մեկ այլ ցավալի դրսևորում էր կանանց նվաստացած վիճակը: Ընդհանրապես, գյուղական համայնքներում ընտրություններին մասնակցող կանանց երկու տեսակ էր աչքի ընկնում: Կանանց որոշակի մասը ընտրատեղամաս էր գալիս զուգված-զարդարված, ընկերուհիների խմբով: Խմբին մոտ կանգնելիս լսելի էր, թե ինչպես են միմյանց հուշում՝ «6-րդ քվեաթերթրիկն է», «6/6-ն է, գտա» և այլն: Նրանք, թերևս, գյուղի ակտիվ, նախաձեռնող կանայք էին (գուցե ուսուցիչներ, մանկապարտեզի դաստիարակներ, որոնք իրենք էլ ձայնահավաքությամբ են զբաղվել): Երկրորդ խումբը ընտրատեղամաս էր գալիս որևէ տղամարդու, հավանաբար ամուսնու ուղեկցությամբ: Գլխիկոր ու հնազանդ, նրանք սպասում էին, մինչև ամուսինն իրենց փոխարեն ընտրություն կկատարեր ու ծրարն իրենց ձեռքը կտար: Ընդ որում, իրենցից գոհ հայացքով տղամարդիկ քվեարկում էին ոչ միայն իրենց կանանց, այլ նաև աղջիկների, տարեց մայրերի փոխարեն: Պատճառաբանությունը մեկն էր՝ նրանք ինքնուրույն ընտրել չեն կարող:

Ներկուսակցական գզվռտոցներ

Ռեյտինգային ցուցակներով էր պայմանավորված ներկուսակցական պայքարը: Եթե նախկինում պայքարը տարբեր քաղաքական ուժերի միջև էր, ապա այս անգամ ընդամենը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջև: Զոլաքարում, օրինակ, «մահացու» մրցակիցներ էին Հակոբ Հակոբյանը և Գեղամ Հովեյանը: Յուրաքանչյուրի վստահված անձը մատնացույց էր անում մյուսի խախտումները՝ միևնույն ժամանակ ինքն էլ նույն խախտումներն էր կատարում՝ քվեարկողներին ուղղորդում էին, հուշում, թե որ համարն է իրենց թեկնածուն, երբեմն ընտրողների հետ քվեախուց էին մտնում և այլն:

Ինչպես և նախորդ տարիների ընտրություններում, այս անգամ ևս ընտրատեղամասերում ներկա էին սևազգեստ տղամարդիկ, որոնք պարզապես ընտրություններին էին հետևում՝ առանց փաստաթղթերի: Թաղային հեղինակություններ, գյուղապետ, դպրոցի տնօրեններ ու նման բազմաթիվ մարդիկ ազատ մուտք ու ելք էին կատարում՝ հետևելով, որ «ընտրությունները բնականոն ընթանան»:

Այս ամենի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք:

Եվ մատնանշած խնդիրներից ամենակարևորը, թերևս, քաղաքացիական գիտակցության բացակայությունն է: Ընտրակաշառքով «պտիչկա» դնող քաղաքացին դեռևս չի գիտակցում, որ իր ընտրությունը և երկրում առկա իրավիճակը փոխկապակցված են: Պնդումները, թե մարդիկ ապրուստի միջոց չունեն, դրա համար են ընտրակաշառք վերցնում, հիմնավորված չեն. հայտնի են դեպքեր, երբ միջինից բարձր աշխատավարձ ստացող ու անգամ կիրթ համարվող մարդիկ են ընտրակաշառք վերցրել ու ըստ այդմ ընտրություն կատարել: Հետևաբար, առանց ընտրախախտումների, թափանցիկ ընտրությունների համար առաջնային է քաղաքացիական գիտակցությունը:

Հայկուհի Բարսեղյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0